Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուների միջև անջրպետը զգալիորեն կրճատվել է ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այժմ նրան լուրջ պայքար է սպասվում վերընտրվելու համար։

https://araratnews.am/images/277975226_1094435211117601_1561648274331565283_n_1649664679.png

 

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի ընտրական շտաբը զգուշավոր է գործում։ 2017 թվականին Մակրոնը տոնել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելը Մոնպառնաս բուլվարի փարիզյան հայտնի La Rotonde ռեստորանում։ Այս անգամ, առաջին փուլի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նա նախատեսում է ելույթ ունենալ Փարիզի արեւելյան ծայրամասում գտնվող իր կողմնակիցների առջեւ։

 

Այսպիսով, Մակրոնը ցանկանում է ամեն գնով խույս տալ իր իմիջին բնորոշ բուրժուական մեծամտության աուրայից եւ այն տպավորությունից, թե ինքն իր իսկ հաղթանակը համարում է լուծված հարց։ Այլ խոսքերով` նախընտրական մրցավազքի վերջին մետրերին ֆրանսիական պետության ներկայիս ղեկավարին վիճակված է հերթական անգամ լրջորեն քրտնել։

 

Մակրոնի վերընտրվելու հնարավորությունները

 

https://araratnews.am/images/277981179_760401148263847_9099589999727396591_n_1649664757.png

Էմանուել Մակրոնը ցանկանում է հասնել այն բանին, ինչին Ժակ Շիրակից հետո չի հաջողվել Ֆրանսիայի ոչ մի նախագահին, այն է՝ վերընտրվել երկրորդ ժամկետով։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո այս նպատակը շատ մոտ էր թվում. անհանգստացած ֆրանսիացիները համախմբվեցին իրենց նախագահի շուրջը, և նրա հարցումների վարկանիշը բարձրացավ մինչև 33%, իսկ մրցակիցները շատ հետ էին ընկել:

Սակայն վերջին օրերին պատկերը փոխվել է՝ Մակրոնի վարկանիշն ընկել է մինչև 28%, իսկ նրա աջ պոպուլիստ մրցակից Մարին Լը Պենը իր 23%-ով բառացիորեն հասել է նրան։

 

Ի՞նչ է կատարվել։ Ֆրանսիացիներին անհանգստացնում է գների աճը. թեև գնաճը ներկայումս 4,5% է և ցածր է եվրոպական միջին մակարդակից, երկրում էներգիայի ծախսերը գնալով ավելի են բարձրանում: Այս ֆոնին ընտրողները մեծ ուշադրություն են դարձնում սոցիալական խնդիրներին՝ կյանքի որակի անկման հավանականությանը, ավանդույթների պահպանման մտահոգությանը, երկրի արդիականացման և սոցիալական ապահովության համակարգի հետևանքների հետ կապված խնդիրներին։ Ինչպես Եվրոպայի բոլոր երկրներում` հենց ամենօրյա խնդիրներն են վերջին հաշվով որոշում ընտրությունների արդյունքը:

 

Ճգնաժամերի շարք Ֆրանսիայում

https://araratnews.am/images/277981174_406591247474129_3719848598872595625_n_1649664784.png

Մակրոնն առ այսօր կրում է «հարուստների նախագահ» պիտակը, քանի որ պետության ղեկավար ընտրվելուց հետո նա նվազեցրեց բիզնես-հարկերը։ Սա այն գործոններից մեկն էր, որը հանգեցրեց 2018-2019 թվականների ձմռանը դիզվառելիքի թանկացման պատճառով սկսված «դեղին բաճկոնների» ցույցերին։ Փողոցային այս ակցիաները, որոնք մի քանի ամիս լարվածության մեջ էին պահում ողջ Ֆրանսիան, ի վերջո վերաճեցին սոցիալական բողոքի անկանխատեսելի շարժման, ինչի հետեւանքով Մակրոնը ստիպված եղավ հետ պահել իր հիմնական նախագծերից մեկը՝ բավականին թանկ արժեցող և հնացած կենսաթոշակային համակարգի բարեփոխումը։ Արդիականացմանն ուղղված նրա ջանքը կրեց իր առաջին անհաջողությունը:

 

Սոցիալական անկարգությունները  դեռ չմարած, կորոնավիրուսային համաճարակը ստիպեց Ֆրանսիային և ողջ Եվրոպային քարանալ:

Նախնական անախորժություններից հետո Մակրոնին հաջողվեց հաղթահարել պատվաստումների արշավը։ Միևնույն ժամանակ, նա միլիարդավոր փոխհատուցումներ վճարեց, որպեսզի օգնի ընկերություններին և ձեռնարկությունների աշխատակիցներին հաղթահարել սոցիալական դժվարությունները:

Այնուամենայնիվ, ինչպես և ամենուր, համաճարակի ժամանակ կառավարությունը ստիպված էր սովորել ընթացքում, և այսօր շատ ընտրողներ համաճարակի քաղաքականության ձախողումները համարում են Մակրոնի անվճռականության հետեւանք:

 

Եվ հիմա, արդեն 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մակրոնը բախվեց նոր խնդրի՝ այսպես կոչված McKinsey խարդախությանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը ավելի քան մեկ միլիարդ եվրո է ծախսել խորհրդատվական ընկերությունների ծառայությունների վրա, որոնք պետք է նրանց համար նախապատրաստեին բարեփոխումների նախագծերի փորձագիտական ​​գնահատականը։ Այժմ իշխանությունները մեղադրվում են բյուջետային միջոցների անիմաստ վատնման մեջ։ Բացի այդ, հաստատվել է, որ կառավարության կողմից վարձված ընկերությունները Ֆրանսիայում իրենց աշխատանքի համար ամբողջությամբ չեն վճարել հարկերը։ Անտնտես գործելակերպի նման կասկածները խաղաքարտ  են Մակրոնի հակառակորդների ձեռքին:

 

Քամելեոն Մարին Լը Պեն

Նախագահական մրցավազքի երկրորդ տեղում, ըստ նախընտրական հարցումների, ինչպես եւ նախորդ անգամ, Մարին Լը Պենն է՝ «Ազգային հանրահավաք» կուսակցությունով։ Այս ծայրահեղ աջ կուսակցությունը, որը մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կոչվում էր «Ազգային ճակատ», հիմնադրվել է Մակրոնի ներկայիս մրցակից Ժան Մարին Լը Պենի հոր կողմից։

 

Մարին Լը Պենը մեծ ջանքեր է գործադրել՝ մեղմելու կուսակցության ծայրահեղ աջ իմիջը` ինչ-որ կերպ ազատվելով հոր «թունավոր ժառանգությունից»։ Այսօր նա այլևս հանդես չի գալիս եվրոյից հրաժարվելու և Ֆրանսիայի`  ԵՄ-ից դուրս գալու պահանջով։ Ինչ վերաբերում է նրա բարեկամական հարաբերություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նույնիսկ 2017-ի նախընտրական արշավի համար նրան պարտքով գումար էր տվել, ապա Լը Պենին հաջողվել է, ինչպես ասում են, օդում փոխել կոշիկները։ Նա պարզապես փոխեց իր վերաբերմունքն այս հարցում, և ընտրողները անգամ չհասցրեցին վրդովվել։

 

Բայց, ամենից առաջ, Մարին Լը Պենն արեց այն, ինչ չհաջողվեց իր հիմնական հակառակորդին՝ նա նախընտրական քարոզարշավ անցկացրեց: Մինչ Մակրոնը հեռախոսով զրուցում էր նախագահ Պուտինի հետ, նա անխոնջ շրջում էր երկրի նահանգներով՝ զրուցելու Ֆրանսիայի բնակիչների հետ:

 

Եվ ահա արդյունքը՝ այժմ ֆրանսիացիների միայն 51%-ն է նրան սպառնալիք համարում։ Սա, անկասկած, նրա ռազմավարության հաջողությունն է: 2017 թվականի հեռուստահարցազրույցում Լը Պենը հստակ ասաց. «Մեծ քաղաքական գծերը, որոնք ես պաշտպանում եմ, նախագահներ Թրամփի և Պուտինի գծերն են»: Բայց դա կարծես թե բոլորը մոռացել են։ Իսկապես, 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Լը Պենը խոսեց միայն գնողունակության մասին, սեղմեց հարյուրավոր ձեռքեր տասնյակ շուկաներում և վստահեցրեց ֆրանսիացիներին, որ կսահմանափակի էներգիայի գները և կպայքարի կյանքի որակի պահպանման համար։

 

Աջ թեկնածու Էրիկ Զեմմուրը

Ինքն էլ չցանկանալով՝ ակամայից Լե Պենին օգնել է նաև աջակողմյան նախկին հրապարակախոս Էրիկ Զեմմուրը, որը մի քանի անգամ դատապարտվել է ատելություն սերմանելու համար։ Իր կոշտ հակաիսլամական և հակագաղթական հռետորաբանությամբ նա հսկայական ուշադրություն գրավեց նախընտրական քարոզարշավի սկզբում։ Ժամանակին, ըստ հարցումների, նրա վարկանիշը հասնում էր 15%-ի, թեև այժմ այն կրկին իջել է մինչեւ միանիշ թիվ։ Մարին Լը Պենի համար Զեմմուրը երկնքից ընկած նվեր էր, քանի որ նա զբաղեցրեց ծայրահեղ աջ եզրը, և Լե Պենը կարողացավ ներկայանալ որպես կենտրոնի չափավոր քաղաքական գործիչ: Այսպես` Լը Պենը ողջունեց ուկրաինացի փախստականներին Ֆրանսիայում, մինչդեռ Զեմմուրը շարունակում էր ներգաղթի մերժման կոչերը։

 

Այդ ընթացքում անցյալ շաբաթ Le Monde-ը ֆրանսիացիներին հիշեցրեց, որ Լը Պենի չափավոր ճակատի հետևում առաջվա նման թաքնված է աջ պոպուլիստական ​​կուսակցությունը, որը ծրագրում է վերափոխել ֆրանսիական պետությունը և նրա ժողովրդավարական ինստիտուտները: Ինքը՝ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Փարիզի La Defence Arena-ում ապրիլի 2-ին իր միակ նախընտրական միջոցառման ժամանակ, զգուշացրեց ընտրողներին աջերի սպառնալիքի մասին. «Ծայրահեղականության վտանգը հասել է նոր բարձունքների, քանի որ (...) ատելությունը և «այլընտրանքային ճշմարտությունը» դարձել են նորմ»։

 

Մակրոնին ծանր պայքար է սպասվում

Նույնիսկ, չնայած այն բանին, որ 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկու հիմնական թեկնածուների վարկանիշների միջև տարբերությունը նվազում է, երկրում դեռևս չի եղել որևէ հարցում, որը չկանխատեսեր Մակրոնի հաղթանակը ապրիլի վերջին երկրորդ փուլում։ Ընդ որում, գործող նախագահի և Լը Պենի արդյունքների տարբերությունը, ըստ ամենայնի, ավելի քիչ էական կլինի, քան 2017 թվականին. այն ժամանակ Մակրոնը որոշիչ քվեարկության ժամանակ ստացավ ընտրողների 60 տոկոսի աջակցությունը։ Այս անգամ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք նա կկարողանա մոբիլիզացնել իր կողմնակիցներին։ Ի վերջո, շատ ֆրանսիացիներ դեռ չեն կողմնորոշվել իրենց նախասիրությունների հարցում։

 

Բացի այդ, Մակրոնը ստիպված կլինի մտածել, թե արդյոք ճիշտ էր այսքան ուշ մտնել մրցապայքարի մեջ։ Նա ցանկանում էր հեռու մնալ ծայրահեղ ձախերի կամ ծայրահեղ աջերի կեղտոտ պայքարից, չկեղտոտվել գաղափարական դրդապատճառներով աութսյդերների հետ բանավեճերում։ Բայց Մակրոնի հենց այս տարանջատման միտումն է, որ շատ ֆրանսիացիներ քննադատում են: Նրան համարում են իրավասու, բայց ժողովրդից հեռու և բոլորի կողմից մերժված էլիտայի ամբարտավան ներկայացուցիչ:

 

Աջ պոպուլիստի և կենտրոնի մարդու նոր մենամարտում հետ մնացին նախագահի տասը թեկնածու։ Նրանց թվում է Վալերի Պեկրեսը, որը պետք է առաջին պլան բերեր իր Պահպանողական կուսակցությունը։ Նրա վարկանիշը շատ ցածր է, ինչպես նաև ֆրանսիացի սոցիալիստների մնացորդներից ձևավորված ճամբարի թեկնածուներինը, որոնք նույնիսկ չկարողացան պայմանավորվել ընդհանուր առաջնորդ առաջադրելու շուրջ։ Բայց չնայած այս ամենին, Էմանուել Մակրոնը դեռևս ստիպված կլինի հրաշք գործել՝ առաջին և երկրորդ փուլերի միջև մոբիլիզացնելով իր ընտրողներին։

 

Արամ Սիմոնյան

 

446