Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ շարունակվում է ՀՀ-ում բնակվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:

Միջոցառումից կարող են օգտվել 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում և կորցրել են իրենց հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ  գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում ամսական տրամադրվում է 100000 դրամ զուտ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում է գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվում է՝ ամսական 34000 դրամի չափով:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվելու համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Երկու ծրագրերում ընդգրկվելու դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ հղումով լրացնելով համապատասխան դիմումը։

510