
Այսօր մեկնարկեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ ինովացիոն ֆորումը՝ GIF22-ը, որն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը (Global Innovation Forum 2022: Life Altering Technologies):
Բացման խոսքով հանդես եկավ FAST հոգաբարձուների խորհրդի նախագահ, ADI-ի և AEM-ի խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը, որը նշեց, որ այստեղ են աջակցելու Հայաստանին՝ առաջ տանելու տեխնոլոգիաները։
«Մենք փորձում ենք այստեղ բաց երկխոսություն ունենանք և հուսով եմ՝ մեզ կհաջողվի հզորացնել Հայաստանը և առաջ տանել տեխնոլոգիաները»,– ասաց նա և նշեց, որ այս տարին բացառիկ է նաև այն առումով, որ FAST–ի հնգամյա հոբելյանն են նշում։ Նա նաև նկատեց, որ տեխնոլոգիաները միավորող կարող են լինել։
«Մենք ստեղծել ենք լայն և կայուն հարթակ համագործակցության համար։ Հայաստանը համարվել է կիսահաղորդիչների, համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման տեխնոլագիաների և բնական գիտությունների կենտրոն։ Հայաստանում շարունակվում է այս տենդենցը և այսօր բավականին բարձր վարկանիշ ունի, ինչը խոսում է բավականին բարձր պոտենցիալի մասին, և FAST–ը փորձում է օգտագործել այս հնարավորությունները»,–ասաց նա և նշեց, որ FAST–ը փորձում է նպաստել և մինչև 2041 թվականը Հայաստանը դարձնել նորարարական պետություն։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ վերջին տարիներին բարձրագույն տեխնոլոգիաները խթանիչ ուժ են զարգացնելու երկիրը, և Հայաստանը նշանակություն է տալիս տեխնոլոգիաների զարգացմանը։
«Այս տարի Գլոբալ նորարարական ֆորումը տեղի է ունենում երկրի համար բարդ իրավիճակում»,– ասաց փոխվարչապետը և անդրադարձավ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողություններին։
Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, վարքագիծը, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը հանձնառու է բացահայտելու նոր տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և ի նպաստ դնելու ժողովրդի բարեկեցությանը։ Նա վստահություն հայտնեց, որ ֆորումը կօգնի հասկանալ ռիսկերը և հնարավորությունները, որոնք տալիս է մեզ արհեստական բանականությունը։
«Հայաստանի կառավարությունը մնում է հավատարիմ բոլոր գործընկերների հետ համագործակցությանը՝ նորարարությունը խթանելու ուղղությամբ»,– ասաց նա։