
«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը կրող Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ ինովացիոն ֆորումը հատկապես երկու առումով է շատ կարևոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով ֆորումի կարևորության մասին, ասաց FAST նախագահ Արմեն Օրուջյանը։
«Առաջին կարևոր ձեռքբերումը գիտելիքի փոխանակումն է, և երկրորդ՝ հարաբերություն ստեղծել միջազգային ասպարեզի գիտնականների հետ»,– ասաց նա և նշեց, որ դժվար կլինի մեր երիտասարդներին, ուսանողներին տանել դուրս և դրա համար փորձում են այնպես անել, որ գիտությունը գա մեզ մոտ։
Նա նշեց, որ թեև Հայաստանը զարգանալու պոտեցիալ ունի, սակայն դեռ բավականին աշխատանք կա անելու մրցակցության ասպարեզում։ Նա նկատեց, որ առանց ինստիտուցիոնալ զարգացման դժվարանալու է պայքարը թե գիտության ասպերուզում, թե սահմաններին։
Անդրադառնալով ուղեղների արտահոսքին՝ նա ասաց, որ այդ խնդիրը հայկական չէ և կա ամբողջ աշխարհում։ «Միշտ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ։ Եթե այդ հնարավորությունների ճանապարհը չեք ստեղծում, նրանք հեռանում են այլ երկիր։ Պետք է մտածել, թե ինչ հնարավորություններ ստեղծել, որ մենք ոչ թե միայն մտածենք, որ մեր երիտասարդները դուրս են գալիս, այլև դրսից մարդիկ նայեն ու ասեն, որ Հայաստանը այնպիսի տեղ է, որ կարողանանք գնալ մեր հնարավորությունները իրացնել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է արհեստական բանականության զարգացմանը, ապա Արմեն Օրուջյանն ասաց, որ արհեստական բանականության մեջ չեմպիոն չկա, և այն, որ ԱՄՆ–ը, Չինաստանը ոլորտում ծախսում են միլիարդներ, չի որոշում, թե արհեստական բանականության մեջ դու լիդեր ես դառնալու։
Նա նկատեց, որ ներկա իրավիճակը դրական չի կարող լինել, բայց պետք է աշխատանքներ իրականացնել և հենց այսօր պետք է ներդրում անել։