Նոյեմբերի 2-ին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու փորձաքրեագիտական վարչության աշխատակիցներ։

Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանն իր ելույթում խոսեց ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմում ոստիկանության մասնակցության և անմահացած ոստիկանների մասին։

Հուշարձանի հեղինակներն են Արմեն Ղուկասյանը, Գուրգեն Դավթյանը և Զարզանդ Մովսեսյանը։
Հուշարձանը բացեց 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ավագ փորձագետ Վազգեն Գրիգորյանի որդին՝ Հայկը։
Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակին, ինչից հետո հոգեհանգտսյան աղոթք կարդաց Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։

Հավերժ փառք հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած բոլոր ոստիկաններին: 

971