Կառավարությունը թույլատրեց «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Անդրադառնալով նոր ավտոբուսների հարցին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, քանի որ ակնկալվում էր, որ մենք պետք է կարողանայինք մարտի մեկից 237 նոր ավտոբուս տեսնել Երևանում, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել, դա մեր մեղավորությունը, պատասխանատվությունն է և ես դրա համար ներողություն եմ խնդրում»:

Անդրադառնալով ընդհանրապես տրանսպորտի խնդրին՝ Տիգրան Ավինյանն ասաց որ դեռևս 2017 թվականին գազելները պետք է փոխարինվեին: «Այդ պրոցեսը սկսել էր տեղի ունենալ, բայց, ցավոք, սկսել էր տեղի ունենալ միայն բուն գազելները ավտոբուսներով փոխարինելուց, և եթե մենք այսօր շրջենք Երևան քաղաքով և հարցնենք ինչպես է տրանսպորտայն վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, քանի որ հին գազելներն իհարկե շատ վատն էին, բայց քանակապես ավելի շատ էին, այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ էականորեն խնդիրը լուծվում, մեղմվում է, երբ այս 237 ավտոբուսները մտնելու են ցանց, բայց սա դեռ համակարգային լուծումը չէՆա հայտնեց, որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է ավտոբուսներում, մետրոյում, ավտոբուսների առանձնացված գծեր են լինելու,  որպեսզի խցանումները նվազեն:

Փոխքաղաքապետը նշեց, որ նոր կանգառասրահներ են տեղադրելու և ունենալու ենք կառավարման համակարգ, որով մարդիկ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և դա իմանալու հնարավորություն են ունենալու նաև օնլայն:

Վարչապետը հետաքրքրվեց, թե այս նոր ավտոբուսներով այլևս «հուսահատության» գազելներ չենք ունենալու, և փոխքաղաքապետն ասաց, որ գազելներ ունենալու ենք, սակայն ոչ հուսահատության: Վարչապետը պատմեց, որ վերջերս քաղաքացիներից մեկից մի առաջարկ է ստացել՝ ունենալ «հուսահատության» գազելի և նիվայի հուշարձան:

 

583