Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանի ձերբակալությանը։

«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը:

Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- գրել է Տիգրան Ավինյանը:

816