Ազգային ժողովում իրականացվում են լսումներ  «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ է նախատեսում օրենքը, և նշեց, որ նախագիծը երկար ժամանակ է քննարկվել:

Այսպիսով, ըստ նախագծի, 16 տարին լրացած քաղաքացին կարող է զբաղվել կամավորությամբ: Ինչ վերաբերում է աշխատանքային ստաժ համարվելուն, ապա փոխնախարարն ասաց. «Ուղիղ իմաստով աշխատանքային ստաժ չի համարվելու, սակայն կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար համարվելու է աշխատանքային փորձառություն»: Նա նաև նկատեց, որ արդյունքում կամավորություն անցած քաղաքացին մրցունակ կհամարվի գործատուի համար:

«Այս նախագծի շրջանակներում կամավոր համարվում է այն քաղաքացին, որն ունի կամավորության մասին պայմանագիր.  կա կառույց, որը կամավորին է ներգրավում և պատասխանատվություն է կրում տվյալ կամավորի նկատմամբ, և կա անձ, որն ստորագրում է այդ պայմանագիրը»,- ասաց նա և նշեց, որ մնացած դեպքերն արդեն այս օրենքից  դուրս են:

480