
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
Դատախազների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, բարձր գնահատելով մասնագիտական երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, շնորհակալություն է հայտնել երկու կողմերին՝ հետագա համագործակցության հաստատման կառուցողական մոտեցման համար։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են փոխընդունելի լուծումներ մշակել սահմանամերձ շրջանի կենսաապահովման կարգավորման հետ կապված մի շարք արդիական հարցերի շուրջ։
«Այս առումով չափազանց կարևոր եմ համարում մեզ համար շարունակել մշտական կապերը, հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման խնդիրների կատարման համար», - ասել է Կրասնովը։