
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը Պեկինում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի հայտարարությունը։
Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ Բլինքենը կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ երկուշաբթի օրը։ Սակայն պետքարտուղարի՝ երկուշաբթի օրվա նախօրոք հրապարակված ժամանակացույցում Չինաստանի նախագահի հետ հանդիպում չկա։
«Չինաստանի ղեկավարը կհանդիպի ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի հետ երկուշաբթի 16:30-ին Պեկինում»,- հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը։
Բլինքենի ներկայիս այցը հինգ տարվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան, որը տեղի է ունենում Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զգալի վատթարացման ֆոնին մի շարք խնդիրների պատճառով, ներառյալ՝ Թայվանը, ԱՄՆ-ի վրայով չինական օդապարիկի խոցումը և շարունակական տարաձայնություններն առևտրի և տեխնոլոգիաների ոլորտներում։