«Հայաստան» դաշինքի մեր գործընկերների խոսքի մեծամասնությունը հիմնված է մանիպուլյատիվ մտքերի զարգացման վրա կամ ինչպես պրն Միրզոյանն ասաց՝ մտացածին պնդումների հիման վրա, որոնց հիման վրա էլ որոշակի տրամաբանություն էր կառուցվում: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ասաց պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
«Ինձ ամենանյարդայնացնողը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կոնտեքստին և մեղադրանքներին ՀՀ-ի առաջ դրված, թե իբր մենք ենք մեղավոր այս հարաբերությունների վատթարացման համար: Եվ այն, ինչ ունենք այս պահին հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մեծամասնությամբ ՀՀ ղեկավարության մեղավորությունն է»,- ասաց նա:
Աղաջանյանը նշեց, որ նախքան ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, ՀՀ-ն նախագահել է ՀԱՊԿ-ում: ՀՀ-ի ՀԱՊԿ-ում նախագահության օրոք տեղի են ունեցել Ղազախստանում հայտնի իրադարձությունները, որոնց ժամանակ Հայաստանը որպես ղեկավար երկիր, համաձայն կանոնադրության, լավագույնս իրականացրել է իր պարտավորությունները:
«Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չկա որևէ կետ, որտեղ ՀՀ-ն իր պարտավորությունները որպես դաշնակից չի կատարել, եթե կա այդպիսին, խնդրում եմ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, նշեք գոնե մեկ օրինակ»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանը իր խոսքի վերջում նշեց, որ նեղացած հարսի բառամթերքը ծանոթ տեղ է տանում. « երկու մարդ է մտքիս գալիս, որոնցից մեկը հենց այդ կոնտեքստում ասել է հետևյալ արտահայտությունը՝ ''Нравится, не нравится, терпи моя красавица''»:
Հիշեցնենք, որ այդ խոսքերն ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վերաբերյալ, մեջբերելով խոսքերը հայհոյախառն հայտնի երգից: