Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 30-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն տանող հանդամասում գտնվող շուրջ 3,000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով շուրջ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի հանգամանքերը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, սեպտեմբերի 3-ին ևս ստացվեց նույնաբովանդակ հաղորդում. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում նույն վայրից գողացել էին շուրջ 2000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ընկերությանը պատճառելով շուրջ 1 միլիոն 400 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 3-ին: Պարզվեց, որ գողությունը կատարել են Սյունիքի մարզի՝ 5 և Երևանի 1 բնակիչ:
Գավառի բաժնի ոստիկանները, համագործակցելով մարզի պարեկների հետ, սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ հանդամասում հայտնաբերել, ձերբակալել և, «ԳԱԶ 53-12» ու «ԲՄՎ» մակնիշի մեքենաներով հանդերձ, Գավառի բաժին են տեղափոխել գողության 4 մասնակցի, իսկ 2-ը դիմել են փախուստի:
Գողության մասնակիցներից «ԳԱԶ 53-12»-ի վարորդը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 1-ին կտրելու եղանակով գողացել են այլումինե մալուխներ և տեղափոխել Այնթապ բնակավայրի գունավոր մետաղների ընդունման կետ:
Ձերբակալված 4 անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: