Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության, ինչպես նաև՝ օրախնդիր մի շարք հարցեր։ Ելույթ է ունեցել մարզպետ Հայկ Չոբանյանը: 

 

«Մեր կյանքում, միջավայրում, բոլոր օղակներում անհրաժեշտ են արմատական, էական փոփոխություններ իրականացնել։ Դրանց մեծ մասը վաղուց բացահայտված է, անգիր գիտենք, սակայն չենք ունեցել բավարար համարձակություն, կամք, լրջություն, ուժ, համախմբվածություն, հետևողականություն, ազնվություն, սկզբունքայնություն։ Կա՛մ մենք պետք է պարտադրենք այս արժեհամակարգն ամեն օր, կա՛մ ցանկացած մեծ ջանք, նույնիսկ հաջողություն մնայուն չեն լինելու։

 

Հայտարարում ենք դպրոցի զարգացմանը, հզորացմանը ամեն գնով հասնելու մեր պատրաստակամության մասին։ Մարզային, համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն, աշխատակից, յուրաքանչյուր ընտանիք և յուրաքանչյուր ոք պետք է լծվի այս աշխատանքին։ Հայաստանը կառուցելու, հզորացնելու, արժանապատիվ կյանք ու հայրենիք ունենալու համար մեզ պետք են մտածող, ստեղծարար մարդիկ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, քիմիկոսներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ։ Պետք է բացառվեն ձևականությունները, իմիտացիաները, ժամանակի կորուստը, հաճոյությունները ու արջի ծառայություն մատուցելը: Սա ենթադրում է դպրոցի վերափոխում ու վերածնունդ։ Դպրոցում պետք է կատարվեն իրական փոփոխություններ բոլորիս մասնակցությամբ։

 

Տնտեսությունը մեր երկրի սիրտն է: Բոլորիս գործողությունները, ծրագրերը, նպատակները, որոշումները, ջանքերը պետք է ուղղված լինեն տնտեսական զարգացմանը և առաջընթացին: Ամենամեծ նպատակը արժեք ստեղծելն է, արտադրելը, և բոլորիս պարտականությունն է դրան նպաստելը։ Պարտավոր ենք տնտեսական խթանման ուժային ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքը պետք է լինի արտադրանքի ծավալների կտրուկ մեծացումը։

 

Յուրաքանչյուր օր պետք է ավելի ուժեղ, կայուն, աշխատունակ, ժամանակակից անվտանգային համակարգ ունենանք։ Պետք է անընդհատ մեծացնենք մեր անվտանգության որակի և մակարդակի զարգացման ոչ միայն տեմպերը, այլև դրանց ուղղված ջանքերը, միջոցները, գործիքները, յուրաքանչյուրիս մասնակցությունը: Շատ արագ պետք է ավարտենք աշխարհազորի լիակատար ձևավորումը Տավուշի մարզում:

 

Վերջին ամիսներին՝ հուլիսից սկսած, մենք տեսանք հանրային մասնակցության և պատասխանատվության ուժը։ Մեր գործարարները առաջինը ներգրավվեցին արցախցիների տեղավորման և կենսապահովման խնդիրների լուծմանը, դարձան լավագույն օրինակներից, մեր ընտանիքները, կազմակերպությունները, համայնքները, անհատները ինքնակազմակերպվեցին տարբեր խնդիրներ լուծելու՝ մեծ ու փոքր։ Մեր կյանքի ու երկրի զարգացման գործում հանրային մասնակցությունը պետք է մշտական գործող հարթակ լինի՝ կանոնավոր, արդյունավետ և համընդհանուր»,- ասել է Տավուշի մարզպետը։

 

512