
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը Արագածոտնի մարզում էր։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։
Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, որոնք «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ՝ իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական վերաինտեգրման համար։
Այցի ընթացքում պատվիրակությանն ուղեկցում էին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանը, Միլադա Հովհաննիսյանը և մարզպետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ Տիկին Աննիտա Դեմետրիուին ներկայացվել են տարված աշխատանքի ծավալները և ընթացիկ արդյունքները։ Նա ծանոթացել է շահառու ընտանիքների հետ, անմիջական զրույցի ընթացքում լսել նրանց պատմություններն ու խոչընդոտները, որոնց ստիպված են եղել բախվել տեղահանման պատճառով, խրախուսել նրանց աշխատասիրությունն ու ստեղծելու, արարելու մեծ մղումը։
Նա ընդգծել է, որ լիովին գիտակցում է այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են շահառու ընտանիքները, և իր խոսքում անկեղծ ապրումակցում և զորակցություն հայտնել նրանց։ Տիկին Աննիտա Դեմետրիուն ընդգծել է Կիպրոսի կառավարության շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ այսպիսի ծրագրերի միջոցով շարունակելու փոխել բազմաթիվ մարդկանց կյանքեր։
«Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվում է Կիպրոսի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի ֆինանսավորմամբ։ Այդ միջոցներով էլ 2024 թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած հիմնադրամը կարողացել է հաջողությամբ իրականացնել նախաձեռնության բոլոր փուլերը՝ կաթիլային ոռոգման համակարգերով հագեցած ջերմատների կառուցումից մինչև սերմերի և սածիլների տրամադրում ընտանիքներին։ Զուգահեռաբար անցկացվել են նաև տեսական և գործնական դասընթացներ շահառու ընտանիքների հետ, տրամադրվել է անհատական խորհրդատվություն մասնագետների կողմից՝ ջերմատնային տնտեսության արդյունավետ վարման նպատակով։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Արագածոտնի և Լոռու մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 ընտանիքներ ստացել են 250 քմ մակերեսով ջերմատներ, որոնք հնարավորություն են տալիս շահառուներին վարել կայուն գյուղատնտեսական գործունեություն և տնտեսապես ապահովել իրենց ընտանիքները։ Ծրագրի հիմնական նպատակը ԼՂ-ից տեղահանված ընտանիքների տնտեսական կայունության ապահովումն է, ինչպես նաև համայնքներում նրանց արդյունավետ ինտեգրումը և ՀՀ-ում մշտապես բնակվելու խթանումը։
Նախաձեռնության ավարտը մայիսի 31-ին է, բայց ինչպես մյուս ծրագրերի, այնպես էլ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառուների հետ հիմնադրամը պլանավորում է շարունակական աշխատանք կատարել՝ հնարավորության դեպքում տրամադրելով հավելյալ աջակցություն և ներգրավելով նրանց ինքնակրթվելու, զարգանալու, ոտքի կանգնելու համար ստեղծված այլ ծրագրերում։