Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չկա շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն: Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա: Կապ չունի, թե դա ինչ պաշտոնյայի կողմից է արվում՝ կլինի առաջատար մասնագե՞տ, վարչության պե՞տ, թե՞ այլ պաշտոնատար անձ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Բայց այս մասով, ըստ Հայկ Կոստանյանի, որոշ անհանգստություններ ունեն:

«Այստեղ մի հետաքրքիր բան կա: Բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ-որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար: Դրա համար մեզ համար կան այդ տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ:

Մասնավորապես՝ կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի [ղեկավար]՝ պարոն Արամ Ազատյանի կալանավորման փաստը: Մարդը փաստացի 1 տարի շարունակ կալանավորված է, և եթե չեմ սխալվում՝ նաև իր փաստաբաններն այդ մասով տվյալ գործն ուղարկել են ՄԻԵԴ, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում: Օրինակ՝ վերջին երկու աշխատակիցները, որոնք ձերբակալվեցին (հասարակական կարգի ծառայության աշխատակիցները), որոշակի առումով ինֆորմացված լինելով դեպքի հանգամանքներից՝ մենք այդտեղ որևիցե խնդիր չենք տեսնում:

Խնդիր չենք տեսնում, որպես այդպիսին, նաև վերջերս ձերբակալված նախկին քաղաքաշինության և հողի վերահսկողութան աշխատակիցների մասով, որովհետև այդ մասով էլ առաջին հայացքից Երևանի քաղաքապետարանի կողմից որևիցե խնդրահարույց բան չկա: Նորից եմ ասում՝ հաշվի առնելով բոլորի անմեղության կանխավարկածը:  Այսինքն՝ այս գործերի մասով դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք ենք տեղի ունեցողի հետ, բայց որոշ դեպքերում էլ խնդրահարույց են մեզ համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ձերբակալվողների թվում կան և՛ գործող պաշտոնյաներ, և՛ նախկին պաշտոնյաներ:

Հայկ Կոստանյանը նաև նկատեց, որ եթե նմանատիպ օպերատիվ հետախուզական միջոցառումներ լինեն այլ կառույցներում և այն պարբերականությամբ, որ վերջին շրջանում եղել են Երևանի քաղաքապետարանում, այդ դեպքերում ևս «նոր վերնագրեր գրելու նյութեր» կլինեն:

270