Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։

Համաժողովում հավաքված են բազմաթիվ հայաստանյան ու ռուսական փորձագիտական խմբեր և երկկողմ համայնքային ներկայացուցչություններ, այդ թվում՝ մարզպետներ, մարզպետների տեղակալներ, քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

Համաժողովի պանելային քննարկումների հիմնական թեմաներից են լինելու ՀՀ և ՌԴ քույր քաղաքների միջև երկխոսությունն ու դրա ամրապնդումը, էլեկտրոնային առևտրի զարգացման գործում փոխգործակցության երկխոսությունը, հայ-ռուսական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններն ու այդ հարցում առկա ներուժը, Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ներդրումային գրավչությունը, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը և մի շարք այլ թեմաներ։ Համաժողովը կավարտվի օրվա երկրորդ կեսին անցկացվելիք լիագումար նիստով, որի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Լիագումար նիստի ընթացքում ելույթներ կունենա նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, ինչպես նաև ՌԴ Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Լիագումար նիստի ավարտին նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։

75