Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:

Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 

1958-1959 թվականներին աշխատել է Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, իսկ 1967 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոններում։

Հավասարապես խաղացել է թատրունում և կինոյում:

Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են եղել հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։ Նրա կերտած լավագույն դերերից էին Միտրոֆանը (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարոյի («Անուշ»՝ ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտրի (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմի (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշևի (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծի (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), Ալֆրեդի (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը») կերպարները։

Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» պիեսում կերտած Տիգրան Մեծի կերպարի համար 1981 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

1964 թվականից Գուժ Մանուկյանը նկարահանվել է կինոյում (22 ֆիլմում)՝ մարմնավորելով Մարսելին («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978 թ., հեռուստատեսային կինոնկար), Արմենին («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979 թ,), Գային («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980 թ.)։

Գուժ Մանուկյանը համագործակցել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության հետ՝ նկարահանվելով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։

Գուժ Մանուկյանն այն ստեղծագործողների սերնդի ներկայացուցիչն էր, որն իր աշխարհայացքով, բեմական ու կինեմատոգրաֆիկ մտածողությամբ վերաձևակերպել է ազգային արվեստի մոդելները: Նա այդ ավանդույթը վերաիմաստավորել է իր ժամանակի ներսում՝ դարձնելով այն կենսունակ ու արդիական։

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

235