
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև նրանց հանրակրթության և բարձրագույն կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներին։
Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում և տարբեր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։
«Կրթության իրավունքն առանցքային նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և հանրային կյանքին լիարժեք մասնակցության համար։ Մեզ համար առաջնահերթ է, որ այդ իրավունքն ապահովվի ոչ միայն իրավական ակտերի համատեքստում, այլ նաև գործնականում։ Այդ համատեքստում կարևորվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը, ինչը ներկայում շարունակում է մնալ մարտահրավեր։ Պետք է համատեղ ջանքերով լուծենք այս հիմնախնդիրները», – նշել է Անահիտ Մանասյանը։
Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Մասնակցել են պետական մարմինների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտը կարգավորող իրավական ակտերին ու դրանց նախագծերին, մասնագիտական կադրերի պատրաստման գործում առկա դժվարություններին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական գրականության և մասնագիտական նյութերի սակավությանը։
Միջոցառման մասնակիցները կարևորել են նաև կրթական միջավայրի ներառականության խթանումը՝ հիմնվելով բազմազանության և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա։