Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը առևտրային նոր համաձայնագրի շուրջ համաձայնության են հասել։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եվրամիությունից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա սահմանվելու է առնվազն 15% մաքսատուրք։

Համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլն անցկացվել է Շոտլանդիայում, որտեղ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ իր անձնական գոլֆ ակումբում։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել է, որ նոր պայմանագրի համաձայն՝ Եվրամիության երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը կկազմի նվազագույնը 15 տոկոս։ Բացի այդ, Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ից կգնի շուրջ 750 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա և էներգակիրներ։ Բացի այդ, ԱՄՆ-ն ակնկալում է նաև 600 միլիարդ դոլարի ներդրում ամերիկյան տնտեսությունում։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կնքել փոխշահավետ համաձայնագիր, որը նպաստելու է ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ տնտեսությունների զարգացմանը։

 ԱՄՆ-ն և Եվրամիությունը համարվում են համաշխարհային ապրանքների և ծառայությունների առևտրի շուրջ մեկ երրորդի հիմնական մասնակիցները։ Ըստ նախորդ տարվա տնտեսական տվյալների՝ Եվրամիությունից ԱՄՆ ներմուծումը կազմել է մոտ 606 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ից Եվրոպա արտահանումը՝ 370 միլիարդ դոլար։

Թրամփը բազմիցս ընդգծել է այս առևտրային դեֆիցիտի լրջությունը՝ սպառնալով օգոստոսի 1-ից եվրոպական ապրանքների վրա սահմանել մինչև 30% մաքսատուրք՝ համաձայնության բացակայության պարագայում։

«Սա լավ գործարք է բոլորի համար, - ասել է Թրամփը։ - Այն մեզ ավելի կմերձեցնի։ Ինչ-որ առումով սա գործընկերություն է»։

Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ սա «մեծ գործարք» է, որը ձեռք է բերվել «դժվար բանակցությունների» միջոցով։

127