Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 28-ին, հերթական անգամ ժողովրդին հայտնի Նոբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:  

Հրդեհի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: 
 
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՓԾ Երեվանի Փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը: 

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի  քանի օջախներով:

Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն են անում:  

Անգամ կրակի օջախներին հրշեջները մոտենում են ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ:  

Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին աջակցում են աղբավայրի աշխատակիցները՝ օգտագործելով 1 տրակտոր: 

Այս պահին հրշեջներին հաջողվում է կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
© https://shamshyan.com/hy/article/2025/07/28/1288072

235