Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։

Վարչության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա բացահայտվել է հանցավոր 3 խումբ, որոնք կեղծ ներդրումային հարթակների միջոցով կատարում էին համակարգչային հափշտակություններ, քննչական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել 18 անձի։ Բացի այդ, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 740 միլիոն դրամ վնաս։

Բացահայտվել է «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք տնօրինող 49 անձի ինքնություն:

ՆԳ նախարարը կարևորել է ստորաբաժանման համագործակցության ընդլայնումն ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների հետ։ Ընդգծվել է միջազգային կրիպտոարժույթով զբաղվող ընկերությունների հետ աշխատանքի կարևորությունը՝ ինչպես կիբեռհանցագործությունների, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում։ Հատուկ շեշտվել է բջջային օպերատորների հետ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հանձնարարելով ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել գործընկերությունը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Կիբեռլաբորատորիայի ստեղծմանը, ինչի ուղղությամբ այս պահին միջազգային գործընկերների հետ տարվում են աշխատանքներ։

Նախարարը հանցագործությունների կանխման նպատակով հանձնարարել է ակտիվացնել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ իրազեկման աշխատանքները, նաև ստեղծել տելեգրամյան հարթակ, ինչի միջոցով քաղաքացիներին կներկայացվեն հանցավոր գործունեության մեխանիզմներն ու դրանցից խուսափելու վարքականոնները։

75