Սերգեյի ու Ոսկեհատի սիրո պատմությունը, առաջին հայացքից սովորական թվացող կյանքի այս դրվագը Վերին Արտաշատ գյուղի սահմաններից դուրս չէր գա, եթե չլիներ այս պատերազմը: Araratnews.am-ի զրուցակիցը արցախյան երկրորդ պատերազմում զոհված Սերգեյ Թևոսյանի նշանածն է` Ոսկեհատ Ղազարյանը:

 

 

Սերգեյը սովորում էր Ֆիզիկական կուլտուրայի համալսարանում: Մարզիկ էր: 2011 թվականից գրանցված էր Street Workout ֆեդերացիայում: Անասելի աշխատասիրության հետ մեկտեղ բնածին բացառիկ տաղանդ ուներ, որի շնորհիվ շատ-շատ հաջողությունների էր հասել, բազմաթիվ ռեկորդներ սահմանել. բթամատների վրա կատարում էր հրումներ, որն աշխարհում անգերազանցելի մնաց: Երկու անգամ Street Workout-ի Հայաստանի չեմպիոն է եղել: Մասնակցել է տարատեսակ միջազգային մրցումների, գրավել է պատվավոր առաջին տեղը:

 

Սերգեյը 24 տարեկան էր, 25-ը պետք է լրանար նոյեմբերի 13-ին...

 

 

«Ես ու Սերգեյը ծանոթացել ենք չորս տարի առաջ:  Սովորել ենք մեր գյուղի դպրոցում, բայց իրար չենք ճանաչել: Հետո պատահաբար ավտոբուսի մեջ իրար տեսանք, ապա նախ համացանցով սկսեցինք շփվել,  հետո արդեն հանդիպել»,- պատմում է Ոսկեհատը` վերհիշելով իր ու Սերգեյի առաջին հանդիպումը, ասում, թե հատկապես ինչու հրապուրվեց Սերգեյով, ինչպես սկսեց իր սիրտը թրթռալ. «Մեր առաջին հանդիպումը եղել է 2016 թ. սեպտեմբերի 1-ին, երբ ես Երևանի հենակետային բժշկական քոլեջի  առաջին կուրսի ուսանողուհի էի: Ինձ գրավեց ավելի շատ Սերգեյի համեստությունը, ազնվությունը: Դրանք նկատելի էին առաջին իսկ հանդիպումից: Ազնվությունն ու բարությունը կարծես դաջված լինեին նրա դեմքին: Շատ, շատ դրական էներգիա ուներ, որն անգամ առանց խոսելու փոխանցվում էր»,- արցունքները կոկորդում սեղմած պատմում է Ոսկեհատը:

 

Սերգեյն ու Ոսկեհատը երեք տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել են: Աղջիկն արդեն ափսոսանքով, ինչու` ոչ, նաև կարոտով է հիշում անգամ փոքրիկ վեճերը:

 

 

Սերգեյն ապրում էր ծնողների, տատիկի և մեծ եղբոր հետ,  սիրով մշակում էր իրենց այգին. շատ էր կապված բնությանը։ «Նա ամբողջ օրը մարզվում էր: Ասում էի` չե՞ս հոգնել պարապելուց, ասում էր` չէ, ես ինձ լավ եմ զգում այն ժամանակ, երբ ցավում են մկաններս: Սերգեյը ռոմանտիկ չէր, ուղղակի լուռ, երազանքներն իր մեջ էր պահում: Միայն խոսում էր այն ժամանակ, երբ վստահ էր, որ կատարվելու է»,- պատմում է Ոսկեհատը։

 

Հունվարի 14-ին պետք է Սերգեյի եւ Ոսկեհատի հարսանիքը լիներ: «Մենք ցանկանում էինք մեր սեփական գործը հիմնել: Շատ մտահղացումներ ունեինք: Սերգեյը մարզասրահ էր ուզում հիմնել»:

 

Սերգեյը ընկերների հարցում էլ էր բծախնդիր, նրանց չէր ընտրում քանակ լրացնելու համար: Մի քանի մտերիմ ընկեր ուներ` իր նման, որոնց համարում էր հոգու ընկերներ: Պատերազմի առաջին օրը նա էլ բոլոր գյուղացիների նման զբաղված էր գյուղական  գործերով: Լուրերով տեսել էր, որ պատերազմ է: Զանգել էր նշանածին ու հայտնել, որ ռազմաճակատ  է գնալու: «Ու երբ ասեց, որ գնալու է, ես հասկացա` ինչ էլ անենք, չենք կարող հակառակը համոզել: Հոկտեմբերի 18-ին կամավորագրվեց: Առավոտյան եկավ մեր տուն, ասեց գնում եմ, վերջ: Գնում եմ, որ 18 տարեկան տղաները մենակ չմնան, գնում եմ, որ պտտվեն ու տեսնեն` մենք իրենց կողքին ենք»:

Երբ Սերգեյի մայրը որդուն խնդրել է, որ չգնա պատերազմ, նա պատասխանել է, որ սահմանին կանգնած 18 տարեկաններն էլ մայր ունեն, ու նրանք կրակը չեն ընկել, որ պատերազմի օրերը համընկել են իրենց ծառայության հետ: 

«Ռազմաճակատից մեզ չի զանգել: Սկզբում իրենք Հոկտեմբերյանում էին` մի քանի օր պետք է վերապատրաստվեին, զանգել Էր ասում էր՝ չզանգեք, թողեք պարապենք, սակայն երբ ամսի 22-ին պատահական զանգեցի, ասեց՝ մի խանգարի, քնում ենք, բայց իրականում պատերազմ էր գնում: Ասաց՝ հանկարծ չնեղվեք, ամեն բան լավ է լինելու:  Դրանից հետո կապն ընդհատվեց: Ու մենք տեղեկություն էլ չենք ունեցել:

Իրենք եղել են Կուբաթլուի շրջանում:  Երբ Հոկտեմբերյանից ասել են, որ 30 հոգի կամավոր է պետք, բայց 90 տոկոս հավանականությամբ, էլ հետ չեն գալու, ինքը առաջիններից է եղել, որ ասել է` ես: Գնալու էին հատուկ գործողության: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերին 24-ին: ԱԹՍ-ն հարվածել է ու...»,- հուզված պատմում է Ոսկեհատը:

 

 

Սերգեյն իրեն հյարենասեր չէր համարում, սակայն համոզմունք ուներ, որ եթե  պատերազմ չգնա, կնշանակի՝ իր ամբողջ կյանքը կիսատ է ապրել։

 

Ոսկեհատը վստահեցնում է, որ շարունակելու է ապրել այնպես, ինչպես Սերգեյը կցանկանար, որ ինքն ապրեր: Իսկ Սերգեյն, անկասկած, կցանկանար, որ Ոսկեհատը միշտ ժպտա ու երջանիկ լինի:

 

Զրույցի վերջում Ոսկեհատը չի մոռանում, որ Ամանոր է: Մեկ ցանկություն ունի`  գալիք տարում մեր ժողովուրդը գործի այնպես, ինչպես երբեք, եւ ոտքի կանգնեցնեք մեր երկիրը:

 

Հայկ Մագոյան

3953