
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-ից 18-ը Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցել է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով ԱՊՀ միջպետական խորհրդի 37-րդ նիստին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
Սեպտեմբերի 17-ին նիստի մասնակիցներին Շախրինավայի փրկարարների վերապատրաստման ազգային կենտրոնում ներկայացվել են կենտրոնի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հնարավորությունները, ուսումնական տեղամասերը, դաշտային ավանը, տեխնիկական միջոցները, գույք-սարքավորումներն ու հրշեջ-փրկարարական տեխնիկան։
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջպետական խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Նա ՆԳ նախարարի անունից ողջունելով նիստի մասնակիցներին՝ ներկայացրել է ՆԳՆ-ում և, մասնավորապես, Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ՌՀՄԱԿ համագործակցության շրջանակում վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները։
Կամո Ցուցուլյանը հավաստիացրել է, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը պատրաստակամ է առավելագույն ջանքեր գործադրել ԱՊՀ մասնակից պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ՝ հանուն մարդասիրական գաղափարների և բնակչության անվտանգության։
Նիստի ավարտին ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև ստորագրվել ԱՊՀ-ում արտակարգ իրավիճակների ոլորտին վերաբերող մի շարք միջպետական համաձայնագրեր։