Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Սաֆարյանն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նպատակ ունի սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին պայմանների սահմանման անհրաժեշտությունը։ Համաձայնագիրը թույլ է տալիս ՀՀ-ին օգտվել ԵՄ փորձից ու կարողություններից ճգնաժամերի կառավարման հարցում. «Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ համագործակցությունը ընդգրկել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներ, ինչը դարձնում է համաձայնագրի վավերացումը կարևոր քայլ համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը։

«Համաձայնագրի կնքումը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը համահունչ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման և եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ գործնական քայլ»,- հավելեց Սաֆարյանը։

Փոխնախարարը նշեց, որ այս տարվա հունիսի 30-ին Հայաստանը ստացել է ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։ 

428