Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը, անդրադառնալով ՍԴ դիմող քաղաքական ուժերի հայտարարություններին, թե շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդիր է եղել ընտրությունների օրը, մանրամասնել է, որ խոսքը տեխնիկական սարքի միջոցով անձնագիրը չընթերցվելու մասին է:

«Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում տեխնիկական սարքերի հետ կապված անձնագրի ընթերցելու հարցը։

Խոսքը 79 հազար 215 դեպքի մասին է, երբ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենաընթեռնելի հատվածը։

Դա բնական, նորմալ երևույթ է և կարող եմ նշել, որ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որ արձանագրվել է։ Եթե նայեք 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, թեկուզ Սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ այդ թիվը 109 հազարից ավելի է եղել։

Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե՛ սարքի մեջ, թե՛ անձը հաստատող փաստաթղթի վրա, պարզապես այդ մեքենաընթեռնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։

Շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում և ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն՝ այդ սարքի հնարավորությունը, դա հավելյալ երաշխիք և հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում»,- ասել է փոխնախարարը:

165