Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Կանաչ գոտում» տեղի է ունեցել ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը, որը համախմբել է երիտասարդներին, քաղաքականություն մշակողներին, փորձագետներին, ինչպես նաև Հայաստանի և եվրոպական կառույցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, EUNIC Armenia-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակությանն առընթեր Երիտասարդական խորհրդատվական խորհրդի (YAC) համագործակցությամբ։ Քննարկման բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Աննեթ Կրախթը, Երիտասարդ եվրոպական դեսպան (YEA) Լիա Քալֆորյանը և Երիտասարդական խորհրդատվական խորհրդի (YAC) անդամ Մադլեն Դոխոյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդգծել է բնության և կենսաբազմազանության պահպանության նկատմամբ հասարակության մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը՝ կարևորելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։

«Մենք պետք է սովորենք լրջորեն վերաբերվել այն ամենին, ինչը հաճախ սովորական ենք համարում։ Կան բաներ, որոնք մեզ տրված են անվճար, սակայն դրանց արժեքն անգնահատելի է։ Մենք երբեմն շփոթում ենք գինն ու արժեքը։ Բնությունը, որքան էլ սովորական թվա, իրականում չափազանց բարդ և արժեքավոր համակարգ է, և մենք պետք է գիտակցենք դրա պահպանության կարևորությունը»,- նշել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով երիտասարդների մասնակցության ընդլայնմանը՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը։ Ըստ նրա` «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը հիմքեր է ստեղծում երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց ձայնը լսելի դարձնելու և որոշումների կայացման գործընթացներում մասնակցությունն ապահովելու համար։

Նախարարի տեղակալը նշել է, որ երիտասարդական կենտրոնները և երիտասարդական աշխատողների կարողությունների շարունակական զարգացումը կարևոր են երիտասարդների նախաձեռնողականության խթանման և նրանց մասնակցության ապահովման տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ նոր օրենքով ճանաչվել և համապատասխան կարգավիճակ է ստացել երիտասարդական աշխատողի մասնագիտությունը։

Քրիստինա Թաթարյանը հատկապես կարևորել է «Երիտասարդների համար՝ երիտասարդների կողմից» սկզբունքը՝ շեշտելով, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշելու իրենց առաջնահերթությունները, զարգացնելու անհրաժեշտ հմտություններն ու իրականացնելու սեփական նախաձեռնությունները։ Անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանը՝ Քրիստինա Թաթարյանը նշել է, որ երիտասարդական կենտրոնները ևս ներգրավվել են բնապահպանական նախաձեռնություններում։ Նրա խոսքով՝ բնության և կենսաբազմազանության պահպանությունն այսօր երիտասարդ սերնդի առաջնահերթություններից է, և անհրաժեշտ է շարունակաբար աջակցել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ COP17-ից հետո։

Ֆորումն անցկացվել է ինտերակտիվ «Fishbowl» ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին անմիջականորեն ներգրավվելու քննարկումներին և փոխանակվելու գաղափարներով։ Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանը, երիտասարդների բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը, կանաչ հմտությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստան–ԵՄ համագործակցությանը` բնապահպանական նախաձեռնություններում երիտասարդների առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով։

80