Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Ազգային ժողովի դերի ամրապնդում, սահմանված են նաև ընդդիմության իրավունքներ:

«Նոր Սահմանադրության նախագծի չորրորդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը, գործունեությանը և Կառավարության նկատմամբ վերահսկողությանը։ Նպատակն է ունենալ ուժեղ խորհրդարան, որտեղ ապահովված են նաև ընդդիմության իրավունքները։

Եթե Ազգային ժողովի ընտրություններից հետո քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի ձևավորում, նոր Ազգային ժողով չի կազմավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ։ Սա ընտրողներին հնարավորություն է տալիս կրկին արտահայտելու իրենց կամքը, իսկ քաղաքական ուժերին՝ համաձայնության գալու։ Կառավարության ձևավորման համար հատուկ մեխանիզմներ կարող են կիրառվել միայն կրկնակի ընտրություններից հետո մեծամասնություն չձևավորվելու դեպքում։ Եթե որևէ ուժ ստանա պատգամավորական տեղերի ավելի քան երկու երրորդը, մյուս ուժերին կտրամադրվեն լրացուցիչ տեղեր՝ խորհրդարանում քաղաքական բազմազանությունը պահպանելու համար։

Նախագծով Ազգային ժողովն ավելի մեծ դեր է ստանում Կառավարության վերահսկողության գործում։ Փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների թեկնածությունները նախապես կքննարկվեն խորհրդարանական հանձնաժողովների հրապարակային նիստերում։ Պատգամավորները կկարողանան հարցեր տալ, իսկ հանձնաժողովի կարծիքը կներկայացվի վարչապետին։

Ազգային ժողովը կարող է նաև անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի։ Այդ որոշման դեպքում պաշտոնատար անձը կազատվի պաշտոնից։ Նույն անձի վերաբերյալ նման առաջարկ կարելի է ներկայացնել ոչ ավելի հաճախ, քան վեց ամիսը մեկ։

Խորհրդարանի քննիչ հանձնաժողովները կկարողանան ուսումնասիրել հանրային կարևորություն ունեցող հարցեր։ Նախատեսվում են կանոններ, որպեսզի դրանց ստեղծումը հնարավոր չլինի արգելափակել։ Հանձնաժողովների եզրակացությունները կքննարկվեն Ազգային ժողովում, իսկ պետական մարմինները պետք է արձագանքեն դրանց և ներկայացնեն ձեռնարկված քայլերը։

Ընդդիմությունը մասնակցություն կունենա անկախ և ինքնավար որոշ պետական մարմինների ձևավորմանը. այդ մարմինների անդամներից մեկն ընտրվելու է ընդդիմության առաջադրմամբ։

Քաղաքացիները նույնպես կկարողանան անմիջականորեն մասնակցել օրենքների մշակմանը։ 40 հազար քաղաքացի ստորագրահավաքով կարող է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողով։

Ազգային ժողովը հնարավորություն կունենա որոշելու իր արձակման հարցը, օրինակ՝ քաղաքական ճգնաժամի դեպքում։ Եթե ինքնարձակման առաջարկը չընդունվի, այն հնարավոր չի լինի կրկին ներկայացնել վեց ամսվա ընթացքում։ Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման առաջարկ ներկայացնելն արգելվում է։

Եթե պատգամավորը նշանակվի Կառավարության անդամ, նրա պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կկասեցվեն, սակայն մանդատը կպահպանվի։ Կառավարությունում աշխատանքն ավարտելուց հետո նա կկարողանա վերադառնալ խորհրդարան։

Ազգային ժողովում կգործի էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով, որի կազմում իշխանությունն ու ընդդիմությունը կունենան հավասար թվով ներկայացուցիչներ։ Այն կքննարկի պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը։

Ռազմական և արտակարգ դրության կանոնները կսահմանվեն սահմանադրական օրենքներով, որոնց ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ավելի մեծ աջակցություն։ Արտակարգ դրություն հնարավոր կլինի հայտարարել նաև բնական կամ հասարակական աղետի անմիջական վտանգի դեպքում։

Այս կարգավորումները կոչված են ապահովելու խորհրդարանի արդյունավետ աշխատանքը, Կառավարության հաշվետվողականությունը և քաղաքացիների ու ընդդիմության մասնակցությունը պետական որոշումների կայացմանը»,- նշված է պարզաբանման մեջ։

44