Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը  գրառում է կատարել անդրադառնալով ՀՀ նոր Սահմանադրությանը

Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝

 Սահմանադրության ուժի ﬔջ մտնելուց հետո 5 տարում իրականացվում է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդաﬓերի ﬔկանգամյա վերագնահատում (բարեվարքություն, մասնագիտական կարողություններ, գույքային դրություն)։

 

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Ստորև ներկայացնում ենք նոր Սահմանադրության նախագծի յոթերորդ գլուխը, որը վերաբերում է դատարանների աշխատանքին, դատավորների անկախությանը և արդարադատության նկատմամբ հանրային վստահությանը։ Նպատակն է ապահովել, որ դատարանները գործեն անկախ, իսկ քաղաքացիները կարողանան արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները։

«Նախատեսվում է, որ որոշ դատական գործեր կարող են քննվել երդվյալների մասնակցությամբ։ Երդվյալներն այն քաղաքացիներն են, որոնք օրենքով սահմանված դեպքերում մասնակցում են դատական գործերի քննությանը։ Նրանց մասնակցության դեպքերն ու կարգը կսահմանվեն օրենքով։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ արդարադատության իրականացմանը։

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է պաշտպանի դատարանների և դատավորների անկախությունը, նպաստի նրանց աշխատանքի նկատմամբ հանրային վստահությանը և ապահովի դատական համակարգի համապատասխան հանձնաժողովների աշխատանքը։ Խորհուրդը նաև կկարողանա դիմել Սահմանադրական դատարան, եթե համարի, որ որևէ օրենք կամ այլ իրավական ակտ վտանգում է դատարանների անկախությունը։

Սահմանադրական դատարանում հնարավոր կլինի բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրա լիազորությունները դադարեցնելու որոշումները։ Սա դատավորների անկախության պաշտպանության լրացուցիչ երաշխիք է։ Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումով կկարողանա նաև ստուգել, թե արդյոք Հայաստանի մասնակցությամբ վերպետական կազմակերպությունների ընդունած ընդհանուր պարտադիր կանոնները համապատասխանում են Սահմանադրությանը։

Վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա խորհրդատվական պարզաբանումներ տալու օրենքների կիրառման վերաբերյալ։ Դա կօգնի, որ տարբեր դատարանները նմանատիպ գործերով օրենքները կիրառեն միատեսակ։ Օրենքով հնարավոր կլինի նաև վերաքննիչ դատարաններին որոշ գործերով այլ լիազորություններ վերապահել։

Նախագիծը կարևորում է նաև վեճերը առանց դատարանի լուծելու հնարավորությունը։ Օրենքով կարող են նախատեսվել նման ընթացակարգեր, այդ թվում՝ պարտադիր, որպեսզի որոշ վեճեր լուծվեն ավելի արագ, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազի։

Դատավորների ընտրության հարցում կարևորվում են նրանց գիտելիքները, մասնագիտական փորձն ու արժանիքները։ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար վերացվում է նվազագույն տարիքի պահանջը և վերանայվում են մասնագիտական փորձի պահանջները։ Դատավորների պաշտոնավարման առավելագույն տարիքը կսահմանվի օրենքով։

Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը կառաջադրի մեկ թեկնածու, որին Ազգային ժողովը կարող է ընտրել կամ մերժել։ Նախատեսվում են նաև կանոններ, որպեսզի կրկնվող անհաջող քվեարկությունները չխոչընդոտեն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ընտրությանը։

Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև պաշտոնավարող բոլոր դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Ստուգվելու են նրանց մասնագիտական կարողությունները, վարքագիծը, գույքի համապատասխանությունն օրինական եկամուտներին և դատավորի պաշտոնին ներկայացվող մյուս պահանջները։ Գնահատումը կիրականացնի հատուկ հանձնաժողովը, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը։ Գնահատման արդյունքները հնարավոր կլինի բողոքարկել Սահմանադրական դատարան։

Բոլոր դատավորները վերագնահատվելու են նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։ Այդ ընթացքում գործող դատավորները կշարունակեն քննել գործերը՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, և նրանց որոշումները կունենան նույն իրավական ուժը։ Վերագնահատման արդյունքներով կորոշվի նրանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու կամ ժամանակավոր լիազորությունները դադարեցնելու հարցը։ Վերագնահատման ենթակա կլինեն նաև Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամները։

Այս կարգավորումների նպատակն է պաշտպանել դատարանների անկախությունը, բարձրացնել դատավորների աշխատանքի նկատմամբ վստահությունը և արդարադատությունը դարձնել ավելի արդյունավետ»,- նշվում է պարզաբանման մեջ։

 

36