Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։
Ստորև ներկայացնում ենք նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի դերին առնչվող դրույթները:
«Նոր Սահմանադրության նախագծում կարևորվում է Հանրապետության նախագահի դերը՝ որպես պետության գլխի։ Նախագահի հիմնական խնդիրներից է նպաստել Սահմանադրության և օրենքների պահպանմանը, պետական մարմինների անխափան աշխատանքին և նրանց միջև համագործակցությանը։
Նախագահը պետք է նպաստի նաև իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանմանը և հնարավոր տարաձայնությունների հաղթահարմանը։ Նպատակն է բարձրացնել նախագահի դերը պետական կառավարման համակարգում՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի խորհրդարանական կառավարման ձևը։ Այսինքն՝ նախագահը չի ստանձնում Կառավարության գործառույթները, այլ նպաստում է պետական մարմինների համաձայնեցված աշխատանքին։
Նախագծով սահմանվում են նաև Հանրապետության նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։ Նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը, իսկ ՀՀ քաղաքացիության և Հայաստանում մշտական բնակության պահանջվող ժամկետները սահմանվում են 5 տարի։ Սա հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի անձանց հավակնելու նախագահի պաշտոնին։
Նախագահը որոշակի դեր է ունենալու նաև դատական իշխանության անկախության և բնականոն աշխատանքի ապահովման գործում։ Մասնավորապես, նա կարող է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր, սակայն չի կարող մասնակցել քվեարկությանը կամ պարտադիր ցուցումներ տալ։ Այսպիսով, նախագահը կարող է նպաստել դատական համակարգի արդյունավետ աշխատանքին՝ առանց միջամտելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացմանը։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը Հանրապետության նախագահին կարևոր դեր է վերապահում պետական մարմինների կայուն աշխատանքի, նրանց միջև համագործակցության և իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռության ապահովման գործում»,- նշվում է պարզաբանման մեջ։