2008 թվականի Մարտի 1-ից անցել է 13 տարի։ 2008-ին փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի  ընտրություններին առաջադրվել էր 9 թեկնածու, որոնցից լուրջ մրցակիցներ էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանը։ Թեպետ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, բայց Տեր-Պետրոսյանն իրականում ստացել էր 30–35% ձայն, ինչը նշանակում էր` պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որի դեպքում չէր բացառվում Տեր-Պետրոսյանի հաղթանակը։ Ի դեպ, այդ ժամանակ նախագահի իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ այսօրվա ակտիվ ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը, որն այն օրերին էլ չէր վայելում հասարակական լայն զանգվածների վստահությունը. նա հավաքել էր ընդամենը 21,075 ձայն։ Սա` իմիջիայլոց։

Չհամաձայնելով ընտրությունների արդյունքներին` Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները փետրվարի 20-ից սկսեցին շուրջօրյա խաղաղ հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում։ Սակայն խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ։ Պատճառաբանությունն այն էր, թե վերջիններս տեղեկություն ունեն հրապարակում իբր զենք-զինամթերքի առկայության եւ Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը հետո պատմելու էր, թե ինչպես ոստիկանները՝ ռետինե մահակներով, էլեկտրաշոկերներով և վահաններով զինված,  շրջապատեցին Ազատության հրապարակը, ապա առանց նախազգուշացնելու միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, հաշվի չառնելով, որ հրապարակում կան նաև կանայք ու երեխաներ։  

Բախումների հետևանքով Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։

13 տարի անց նույն ուժերը, որոնք ժողովրդի դեմ սպանդ իրականացրին, ասօր դարձել են ընդդիմություն, դարձյալ նույն անպատասխանատվությամբ եւ արկածախնդրությամբ։ 

 

 

 

 

1937