Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար` կարևորելով ԱՄՆ-ի ցուցաբերած ուշադրությունն ու մարտահրավերների դեմ միասնական պայքարելու աջակցությունը թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակի ամբողջ ընթացքում:

Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին ներկայացնելով Անահիտ Ավանեսյանին, խնդրեց վերջինիս ներկայացնել, թե ինչ փուլում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը, որին ի պատասխան` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ արդեն հատել ենք պատվաստումների 55 հազարի շեմը, մինչդեռ  սկզբնական շրջանում ապատեղեկատվության հոսքն այնքան մեծ էր, որ մարդիկ տարակուսում էին` պատվաստվե՞լ, թե՞ ոչ: 

«Այսօր Հայաստանը կարծես թե հաղթահարում է տարակուսանքի խոչընդոտը, քանի որ պատվաստվել ցանկացողների թիվն օրեցօր ավելանում է: Ժամանակը ցույց տվեց, որ համավարակի դեմ լավագույն պայքարը պատվաստումն է, և միայն այդպես կարող ենք հաղթել COVID-19-ը և վերադառնալ կյանքի բնականոն հուն»,- հավելել է Անահիտ Ավանեսյանը:

«Շատ բարդ տարի էր Հայաստանի համար` մի կողմից պատերազմն ու հետպատերազմյան իրավիճակը, մյուս կողմից` ամբողջ աշխարհը քաոսի վերածած համավարակը: Հույս ունենք, որ դժվարությունները կհաղթահարվեն, քանի որ  կարևոր է առաջ շարժվել: Ուզում ենք տեսնել առաջընթաց գրանցող Հայաստան»,- ընդգծել է Լին Թրեյսին:

Հանդիպման ավարտին, դեսպանի խնդրանքով, Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ տարածք մուտք գործելու կարգը, որի համաձայն` երկիր կարող են ժամանել օտարերկրյա քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 14 օր անց` առանց ՊՇՌ թեստի:

965