
Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան նախընտրական քարոզարշավի լարվածությունը հասնում է իր պիկին: Իշխանությանը քննադատող ընդդիմադիր ուժերը օրըստօրե մեծացնում են ատելության քարոզի չափաբաժինը` երկրում ստեղծելով վախի, անհանդուրժողականության, բեսպրեդելի մթնոլորտ:
Ահագնացել է ընտրակաշառքների քանակը եւ չափը, ինչը փաստում են օրերս կատարված ձերբակալությունները. նախկիններն ու մերժվածները ձեռք չեն քաշել իրենց կեղծարարական սովորույթներից ու փորձում են ընտրաձայներ կորզել իրենց համար արդեն ավանդական դարձած ընտրակաշառքի ճանապարհով: Եվ այս կերպ փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը՝ ստվեր գցելով այլևս ազատ ու թափանցիկ ընտրությունների վրա:
Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ընտրությունը գաղտնի է, ինքն է իր քվեի տերը, եւ ոչ ոք ուղղակի չի կարող իմանալ, թե ում օգտին է քվեարկել: Վերահսկելու միֆը հորինել են մերժվածներն ու նախկինները: Խոսակցությունները, թե իբր կարող են ճշտել, ստուգել կամ վերահսկել ընտրության ընթացքը` էժան մանիպուլյացիաներ են և ոչ մի աղերս չունեն իրականության հետ:
Այսպիսով, ժողովո´ւրդ, դուք ազատ եք ձեր ընտրության հարցում: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ում եք տվել ձեր ձայնը, քանզի ընտրախցում դուք միայնակ եք լինելու։ Դուք միայնակ եք լինելու ձեր խղճի առաջ, հետեւաբար առանց վախի կատարեք ձեր քաղաքացիական պարտքը` հիշելով, որ ցանկացած ընտրակեղծարարություն ենթարկվելու է քրեական պատասխանատվության:
ԿԸՀ-ն զգուշացնում է, որ ընտրություն կատարելուց հետո քաղաքացին պետք է մնացած քվեաթերթիկները թողնի ընտրատեղամասում` գցելով համապատասխան արկղի մեջ, և առանց որևէ բան իր հետ վերցնելու լքի ընտրական տեղամասը:
Հայկ Մագոյան