«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Տարվա բժիշկ 2021» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն, որի ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին անձնվեր աշխատած և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկներին շնորհվեցին մրցանակներ:

Մրցանակաբաշխությունը իրականացվեց «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։ Մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների, ինչպես նաև տարբեր բժշկական հաստատությունների տրամադրած տվյալների և լրագրողական հետաքննությունների հիման վրա: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Հայրենական բժշկության մեջ նորարարական մտքերի ու գաղափարների ներդրման, վիրաբուժության մեջ մեծ ավանդի համար «Վիրաբուժության ռահվիրա 2021» մրցանակը տրվեց Զարեհ Տեր-Ավետիքյանին:

Արցախյան 3-րդ պատերազմում հանուն հայրենիքի, վիրավոր զինվորի, քաղաքացիական անձանց կյանքի փրկության և անմնացորդ ծառայության համար «Սպիտակ բանակի նվիրյալ բժիշկ 2021» մրցանակ ստացան «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, միկրովիրաբույժ  Արտավազդ Սահակյանը, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական ծառայության գնդապետ Յուրի Պողոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Անդրոնիկ Քալայջյանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը,  Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը:

Պատերազմական իրավիճակում, հանուն գերեվարված զինվորների ապահով ետվերադարձի կազմակերպման դրսևորած խիզախության համար «Մարտական ոգի 2021» մրցանակին արժանացան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժ Միքայել Սամսոնյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի և «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բժիշկ, հոգեբույժ, «Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանը:

«Համավարակի դեմ պայքարում հաջողված բժիշկ» մրցանակին արժանացան Իրինա Ղազարյանը, Ամբակում Սերոբյանը, Ավետիք Սարգսյանը, Լևոն Նավասարդյանը, Շողեր Հեբոյանը, Լևոն Թորոսյանը և Աշոտ Պապիկյանը:

«Համավարակի դեմ պայքարում հաջողված ԲԿ» մրցանակին արժանացավ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:

Ազգանվեր գործունեության, բժշկության մեջ նոր մտքերի և գաղափարների ներդրման համար «Տարվա երիտասարդ բժիշկ 2021» մրցանակ տրվեց Արմինե Խռոյանին, Հայկ Բախշյանին և Գագիկ Թադևոսյանին:

Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակին արժանացան  Արման Կարապետյանը, Հայկուհի Սամսոնյանը, Լուսինե Բեկիրսկա- Թամազյանը, Նունե Մաշուրյանը, Թաթուլ Սաղաթելյանը, Հայրապետ Բարսեղյանը, Արմեն Խեդոյանը, Լուսինե Աղաբաբյանը, Թորգոմ Դաշտոյանը, Արթուր Փափազյանը, Աշխեն Բալբաբյանը,  Վարդան Բորոզանը, Ավետիս Ահարոնյանը, Մերուժան Սաղաթելյանը, Ավետիս Ավետիսյանը, Արտեմ Ստեփանյանը և Արշակ Միրզոյանը:

Պատերազմական իրավիճակում և COVID-19 համաճարակի պայմաններում առողջապահության պատշաճ կազմակերպման համար «Առողջապահության կազմակերպիչ 2021» մրցանակ ստացան «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը:

Մրցանակների արժանացան նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Մայա Խաչատրյանը, «Արմենիա» հեռուստանընկերության լրագրող Ավետիս Հարությունյանը և օպերատոր Արամ Գրիգորյանը:

Տասնամյակներ շարունակ հայրենական բժշկությանը անմնացորդ նվիրվելու և ծառայելու համար «Բժիշկների վաստակավոր գերդաստան 2021»  մրցանակը տրվեց Ֆանարջյան բժշկական գերդաստանին՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և Գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի հիմնադիր-ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյան,  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգ Սերգեյ Ֆանարջյան, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ուրոլոգ, Ֆանարջյան կլինիկայի հիմնադիր, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյան,  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ Կոնստանտին Ֆանարջյան:

Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, աջակիցներն են «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը և Իջևանի գինու-կոնյակի գործարանը:

15 Հունիս, 2021 21:47
451
; ;