Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին:

«Մանկավարժությունը գիտություն է, որն ունի օրենքներ, ինչպես մաթեմատիկան: Մեր խնդիրն է վերապատրաստումների միջոցով նպաստել ուսուցիչների՝ այդ օրենքները յուրացնելուն: Դրա արդյունքում մանկավարժը կբարձրացնի աշակերտի հետաքրքրասիրությունն առարկայի նկատմամբ»,- կարծում է ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամը համագործակցում է բուհերի հետ՝ առաջարկելով մանկավարժության նորարարական մեթոդների վերաբերյալ թեմաներ ուսանողների կուրսային և դիպլոմային աշխատանքների համար: Հետագա փուլերն անցնելուց հետո դրանք կծառայեն որպես մեթոդական աջակցություն մանկավարժների համար:

ԿԶՆԱԿ հիմնադրամի վերապատրաստող մասնագետներ Աստղիկ Բալայանը և Հասմիկ Մարգարյանը վստահեցնում են, որ դասընթացներն անցնում են համագործակցային մթնոլորտում, ուսուցիչները դրանց մասնակցում են մեծ պատասխանատվությամբ: Արդեն վերապատրաստվել է 2-րդ դասարանում դասավանդող 90 դասվար և 7-րդ, 10-րդ դասարանների պատմության 128 ուսուցիչ:

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Օվսաննա Հարությունյանը 38 տարվա մանկավարժական փորձ ունի: Վերապատրաստման գործընթացում նա կարևորում է այն հանգամանքը, որ դասը վարելիս ուսուցիչը պետք է ձեռքի տակ ունենա չափորոշիչը և ծրագիրը՝ տեսականի և գործնականի անմիջական համադրությամբ: Իսկ նոր չափորոշչով նախատեսված՝ տարրական դպրոցում գնահատականի բացակայության վերաբերյալ մանկավարժը կարծում է, որ որոշ աշակերտների և ծնողների համար դա դեռևս կարող է խնդրահարույց լինել: «Այդ խնդիրը կունենանք այնքան ժամանակ, մինչև ծնողն իր երեխային հարցնի՝ «Այսօր դպրոցում ի՞նչ ես սովորել» ոչ թե՝ «Ի՞նչ գնահատական ես ստացել»: Նա ընդգծել է նաև խոսքային գնահատման դերը, որն առավել է, քան միավորայինը: «Երեխան հավասարապես պետք է ոգևորվի նաև «Շատ լավ պատասխանեցիր, կեցցե՛ս, արտահայտությունից»,-ասում է փորձառու մանկավարժը:

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն», ինչպես նաև «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանն իր մտահոգությունն է հայտնում բացասական գնահատական չլինելու հետ կապված: Ըստ նրա՝ թե՛ ծնողը, թե՛ աշակերտը պետք է հասկանան, որ գնահատականը ոչ թե պատժելու, այլ խրախուսելու միջոց է:

Վերապատրաստվող ուսուցիչները հատկապես կարևորել են նոր չափորոշիչներում գիտելիքները գործնականորեն կիրառելու, աշակերտների ստեղծարար, քննադատական մտածելակերպը զարգացնելու, հստակ արժեհամակարգ ձևավորելու առանցքային դրույթները:

1659