Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ևս: 

Բաքու կատարած այցից հետո Վրաստանի վարչապետը պլանավորում է այցելել նաև Երևան: Այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ադրբեջանի նախագահի հետ մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է: Երբ վստահություն կա երկրների առաջնորդների միջև, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում, և ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նշել է, որ նախորդ տարի 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր միջնորդությամբ հանդես եկավ։ Դա 15 հայ գերիների վերադարձն էր՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց:

Նշենք, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:

armtimes.com

1039