Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում Դավիթ Չալոյանին բաժին էր հասել բավականին դժվար մրցակից՝ Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռոգավան: Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու համար իր երկրի առաջնությունում Ռոգավան պարտության էր մատնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնին: Առաջին ռաունդում հայ մարզիկը հաղթեց 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդում Դավիթը էլ ավելի մեծացրեց իր առավելությունը: Հասկանալով, որ պարտվում է, երրորդ ռաունդում Ռոգավան նետվեց առաջ: Այս ռաունդը բավականին բարդ ստացվեց: Երկու բռնցքամարտիկներն էլ միմյանց շատ ուժգին հարվածներ հասցրեցին: Բայց Չալոյանը շատ ավելի լավ էր դիմավորում մրցակցին և նրան բռնում էր հենց իր գրոհի վրա: Արդյունքում այս ռաունդում էլ մրցավարները առավելությունը տվեցին Չալոյանին և հայ մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

1/8 եզրափակիչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Քրիստիան Սալգադոյի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պարտություն կրեց 1/16 եզրափակիչում` զիջելով լեհ Դամիան Դուրկաչին:

1495