2018 թվականի մայիսի 23-ից Ալիսա Մելքոնյանը ծառայության է անցել հայոց բանակում: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կին զինվորականն ասում է՝ սկզբում այնքան էլ հեշտ չի հարմարվել զինվորական կյանքին, սակայն եղբոր շիրիմին տված խոստումը պարտավորեցրել է:
«Եղբայրս մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Կյանքը նվիրաբերեց հայրենիքին: Նրա շիրիմին խոստացա, որ ես պետք է շարունակեմ իր փոխարեն ծառայությունը, ես պիտի կրեմ զինվորականի համազգեստ»:
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ծնված և մեծացած Ալիսա Մելքոնյանը մասնակցել է նաև 44-օրյա արցախյան պատերազմին: Ալիսան նկատում է՝ քաջությունը գալիս է մանկուց, դրա համար էլ իրեն կնքել են «Առյուծիկ» մականվամբ:
«Պատերազմի ժամանակ վիրավորվել եմ, 3 ամիս հոսպիտալում բուժում եմ ստացել: Բժիշկների օգնությամբ կարողացա նորից քայլել: Պայքարեցի և կրկին վերադարձա հենակետ: Հիմա ծառայում եմ Գեղարքունիքում»,- պատմում է նա:
Եղբոր շիրիմին տված խոստումը և վրեժի ցասումն էլ հենց Ալիսային ուժ են տալիս՝ հաղթահարելու ծառայության ժամանակ հանդիպող բոլոր դժվարությունները: Ասում է՝ շատ առաջարկներ է ստացել երկրից դուրս գալու, սակայն բոլորն էլ մերժել է. հայրենիքի հանդեպ ունեցած սերն ավելի զորեղ է:
«Ծառայությունս Օմարից եմ սկսել: Իմ կյանքը չեմ պատկերացնում հայրենիքից դուրս: Նաև սա էր պատճառը, որ որոշեցի անցնել ծառայության՝ պահելով իմ հողը»,- ասում է նա:
Ալիսայի խոսքով՝ զինվորական դառնալը մեծ փոփոխություն է մտցրել իր կյանքում: Հպարտորեն նշում է, որ տղամարդ զինվորականները, նորակոչիկներն իրեն շատ հաճախ ասում են՝ քո քաջությանը նայելով՝ մենք էլ ենք քաջալերվում: Կինը նկատում է, որ այժմ չի պատկերացնում իր կյանքը՝ բանակից դուրս: