Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է վրացական «Georgian Airways» ավիափոխադրողի սնանկության-վերականգնողական վարույթ հարուցել․  ընկերության նոր կարգավիճակը ներկայացված է Հանրային ռեգիստրի գործակալությունում։
Դատարանի որոշմամբ ընկերության վերականգնման-սնանկության պատճառ է հանդիսացել 16000 ուղևորների և տասնյակ ընկերությունների ունեցած ավելի քան 176 մլն լարիի (56,8 մլն դոլար) պարտքը։
Դատարանի որոշման համաձայն՝ ավիաընկերության ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է եղել կորոնավիրուսով և սահմանների փակմամբ, ինչի հետևանքով ընկերությունը չի կարողացել փակել իր պարտավորությունները։
Որոշման մեջ նաև ասվում է, որ «Georgian Airways» -ի ղեկավարությունն ունի ընկերության վերականգնման նախագիծ։ Մասնավորապես, ընկերությունը պատրաստվում է շարունակել թռիչքները դեպի շահութաբեր ուղղություններ, ինչը կերաշխավորի ընկերության գործունեությունը։ Կշարունակվեն  դեպի Ամստերդամ, Թել Ավիվ և Մինսկ թռիչքները, ինչպես նաև կիրականացվեն սեզոնային և չարտերային թռիչքներ դեպի այլ քաղաքներ։
«Եթե համաճարակի ազդեցությունը թուլանա, հնարավոր է դիտարկել նոր շահութաբեր ուղղություններ և ավելացնել կանոնավոր և ոչ կանոնավոր չարտերային թռիչքներ, ինչը հետագայում էլ ավելի կավելացնի շահույթը»,- ասվում է փաստաթղթերում։
Դիմումը դատարան ներկայացնելու պահին ավիափոխադրողի ակտիվները կազմել են 21,378,262 լարի, իսկ պարտավորությունները՝ 175,854,075 լարի, ինչը վկայում է այն մասին, որ առանց վերականգնման գործընթացի ընկերությունը չի կարողանա իրականացնել իր գործունեությունը անվճարունակության պատճառով:
Դատարանի որոշմամբ մի շարք ընկերություններ կշարունակեն ծառայություններ մատուցել ավիափոխադրողին, չնայած պարտքերի առկայությանը։ Խոսքը, մասնավորապես, այն ընկերությունների, այդ թվում՝ օդանավակայանների մասին է, որոնց հետ ընկերությունը պայմանագրեր ունի։
Բացի այդ, դատարանը որոշել է, որ «Georgian Airways»-ը մնում է իր սեփականատերերի հսկողության տակ, սակայն կունանա դիտորդ՝ Նվերականգնման գործընթացը վերահսկելու համար։ Ընկերության 80%-ը պատկանում է գործարար Դավիթ Գաիաշվիլին, իսկ 20%-ը՝ «Georgia Air Service» ՍՊԸ-ին։

Մինչ ճգնաժամը ընկերությունում աշխատում էր 275 մարդ։ Ընկերությունը դատարանին պարտավորությունների ցուցակ է ներկայացրել ավելի քան 70 գործակալությունների և մատակարարների ու 16168 ուղևորի նկատմամբ։

1266