Էրեբունու քրեական հետախույզները փետրվարի լույս 10-ի գիշերը հետապնդել են թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։