
«Թե´ իմ տպավորությամբ եւ թե´ բաց մամուլից մեզ հասու տեղեկատվությամբ, կարծում եմ, բոլոր հիմքերը կան, որ Էմանուել Մակրոնը Ժակ Շիրակից հետո դառնա առաջին նախագահը, որը Ֆրանսիայում կվերընտրվի երկրորդ փուլով»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածուների`գործող նախագահ Էմանուել Մակրոնի եւ նախագահի թեկնածու Մարին Լը Պենի ընտրվելու հնարավորությունների մասին:
Կանխորոշելով Մակրոնի ապագա հաղթանակը՝ Մեհրաբյանը միաժամանակ խոսեց նաեւ վերջինիս վարկանիշի տատանումների` մասնավորապես դրա նվազման պատճառների մասին։
«Իմ տպավորությամբ, Մակրոնի վարկանիշի նվազման առաջին պատճառը երկրի տնտեսական իրավիճակի վատթարացումն է: Սկզբում քովիդն էր, ապա դրան գումարվեցին սանկցիոն քաղաքականության հետ կապված անհարմարությունները։ Ֆրանսիայի Հանրապետության պետական համակարգում բազմաթիվ են սոցիալիստական կառուցակարգերը, որոնք ուղղակի ծանր բեռի պես նստում են պետության բյուջեի վրա, թեպետ Մակրոնը փորձում է դրանք բարեփոխել, սակայն որոշ սեգմենտի մոտ դրանք առաջացնում են անհարմարություն եւ հակազդեցություն: Կնշեմ թոշակային համակարգի ռեֆորմը, որն ինքնին բավականին անդյուրաշարժ եւ ավելորդ ծախսատար համակարգ է Ֆրանսիայի համար»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով մյուս թեկնածուի` Մարին Լը Պենի ընտրվելու հնարավորությանը` Մեհրաբյանը նշեց, որ վերջինս պրակտիկորեն շանսեր չունի արժանանալու ֆրանսիացիների մեծամասնության նախապատվությանը.
«Լը Պենը էապես առանձնանում է մնացած թեկնածուներից իր հակաեվրոպականությամբ, իսկ Ֆրանսիայի քաղաքական դիրքերի ամրությունը պայմանավորված է հենց Եվրամիությանն անդամակցությամբ եւ Եվրամիությունում Ֆրանսիայի ազդեցությամբ: Լը Պենի առաջարկությունների մեծ մասը ոչ միայն վնասելու է Ֆրանսիային, այլեւ վնասելու է Եվրամիությանը, եւ սա, հատկապես Ֆրանսիայում, բոլորը գիտակցում են»:
Ըստ Մեհրաբյանի` կան ապացույցներին համազոր կասկածներ, որ Լը Պենը սնվում է ռուսական իշխանություններից, ինչի վառ ապացույցն էր վերջինիս չհիմնավորված համակրանքը Վլադիմիր Պուտինի եւ նրա պետության նկատմամբ.
«Փաստ է, որ այս ամենը վանում է Լը Պենի համակիրներին եւ, ինչու ոչ, մնացած թեկնածուներին նույնպես, այնպես որ Լը Պենը, կարծում եմ, երկրորդ փուլում պրակտիկորեն հաղթելու շանսեր չունի»:
Մեհրաբյանը նկատեց, սակայն, որ եթե ստացվի այնպես, որ ամեն դեպքում ընտրվի Մարին Լը Պենը, ապա վերջինիս ընտրությունը կնշանակի շոկ Եվրամիության համար, քանի որ կթուլացնի Եվրամիությանը որպես սուբյեկտ։ Լը Պենի ընտրությունը քար է գցելու նաեւ տրանսատլանտյան դաշինքի վրա:
Եզրափակելով իր խոսքը՝ քաղաքագետն անդրադարձավ նաեւ Լը Պենի կողմից տարբեր ժամանակներում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը եւ Արցախը Հայաստանի կազմում տեսնելու մեջբերումները շահարկելուն: Ըստ քաղաքագետի՝ դրանք, իհարկե հաճելի հայտարարություններ են, բայց այդ հայտարարությունները իրականություն դառնալու համար պետք է ունենան նաեւ հնարավորություններ.
«Լը Պենի հաղթանակի պարագայում այդ հնարավորությունները ուղղակի զրոյական են, մենք չպետք է մոռանանք, որ նման հայտարարություններ բոլոր թեկնածուների կողմից կարող են հնչել մեկ պարզ պատճառով` ֆրանսահայ ձայները կարող են որոշիչ լինել ընտրությունների արդյունքի վրա: Իսկ ընդհանրապես՝ այո, այսպիսի հայտարարությունները անխուսափելի են ֆրանսիական քաղաքական խոսույթում ցանկացած թեկնածուի կողմից, եւ Լը Պենն այդ իմաստով բացառություն չէ»,- եզրափակեց Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որտեղ գործող նախագահ Էմանուել Մակրոնը քվեաթերթիկների 97%-ի հաշվարկից հետո առաջին տեղն է զբաղեցնում` 27,6%, որին հաջորդում է «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը՝ 23,41%։
ԱՆՆԱ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ