Զբոսաշրջային սեզոնը եռման շրջանի մեջ է, իսկ թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում և առհասարակ Հայաստանում կարելի է տեսնել անզեն աչքով: Այդ են վկայում նաև այն տասնյակ զանգերը, որոնք ստանում ենք բազմաթիվ քաղաքացիներից: Նրանց խոսքով Հայաստան են գալիս աննախադեպ թվով զբոսաշրջիկներ: Երեկ երեկոյան մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ իր պրակտիկայում դեպի Հայաստան եկող չվերթների այսպիսի առատություն ինքը դեռ չի տեսել:

«Օդանավակայանում բառիս բուն իմաստով ասեղ գցելու տեղ չկա »,-ասում էր նա:

Այս ամենի ֆոնին մեդիայում հայտնվեց տեղեկատվություն, որ  Զվարթնոց օդանավակայանում ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի աշխատում անձնագրային բաժանմունքը, որը մուտքի վիզա է տրամադրում Հայաստան եկած օտարերկրացիներին:

Մեր աղբյուրի պնդմամբ բոլոր պետական մարմինները Զվարթնոց օդանավակայանում աշխատում են և պատշաճ ծառայություններ են մատուցում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին:

«Աննախադեպ ուղևորահոսքի պատճառով հնարավոր են նաև հերթեր, որոնք շատ արագ սպասարկվում են »,-հավելեց մեր աղբյուրը Զվարթնոցից:

Ժամեր առաջ հերքմամբ է հանդես եկել նաև ՀՀ Ոստիկանությունը մանսավորապես նշելով.

«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։

Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։

Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ»։

10265