Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը: «Շուրջ 120 հազար հայ զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրական հոսանքի: Եթե սա շարունակվի, ապա հումանիտար աղետ կարող է առաջանալ:

Մենք պետք է հստակ դարձնենք Ադրբեջանի համար, որ հայ ժողովրդին ուժով իրենց կամքը պարտադրելն անընդունելի է: Եվ ես վարչակազմին կոչ եմ անում համոզվել, որ Արցախի ժողովրդին օգնություն պետք է հասնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է կոնգրեսականը: Նա նաև ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: «Այսօր իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անմարդկային պայմաններում: Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ անելու այնպես, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար»,- նշել է Սանչեսը: 

436