Լյուսի Քոչարյան- հաղորդավար, բլոգեր, հանդես է գալիս ընտանեկան և գենդերային բռնության դեմ։ Առաջին հայն է, որ 2020 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի  կողմից արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակիԼյուսի Քոչարյանը խոսում է գենդերային խնդիրների մասին, ներկայացնում է կանանց իրավունքների խախտումներ և փորձում է օգնել նրանց:

Ես ծնվել և մեծացել եմ նույն կարծրատիպերի մեջ, որոնց դեմ հիմա պայքարում եմ, ես ոչ մի օր չեմ ապրել ուրիշ հասարակությունում, բայց տարիների ընթացքում հասկացել եմ, որ չեմ ուզում բարդույթներով, խտրականություններով ապրել:

Ես անցել եմ այդ ճանապարհը՝ բոլոր վատթար հետևանքները ինձ վրա կրելով և դրանցից հրաժարվելով. բաժանություններ, հրաժարումներ են եղել իմ կյանքում, հոգեկան հիվանդությամբ երեխա կա իմ կյանքում, նախկին ամուսին կա, բայց ես հարմարվելու տարբերակ չեմ տեսնում:

Ես կարծում եմ, որ այս ամենին դիմացել եմ իմ մեջ՝ հայրիկիս սերմանած ռեսուրսներով: Ես 12 տարեկան աղջիկ էի և ինձ ասում էր՝ միշտ հիշի՛ր, ազատությունը քո մտքերի մեջ է, դու կարող ես լինել որևէ սենյակում փակված, բայց քո մտքի ազատությունը ուր ուզի կհասնի, հետևի՛ր դրանց, հասիր մտքերով՝ ուր դու ես ուզում և հետո ինքդ կհասնես դրանց հետևից: 

Ւնքնավստահությունը ևս հայրս է ինձ փոխանցել. իմ հիշողության մեջ գամվել են նրա խոսքերը, երբ ասում էր՝  աշխարհը փուլ գա, ինչ փոփոխության էլ ենթարկվի քո դեմքը, քո քաշը, ինչ էլ պատահի քեզ հետ, դու ինձ համար լինելու ես ամենագեղեցիկ աղջիկը այս մոլորակի վրա, ես քեզ սիրելու եմ ցանկացած արտաքինով, կյանքդ ինչ հունով էլ ընթանա, իմ սերը միշտ քեզ հետ է լինելու, առաջին մարդը, ում օգնության պետք է դիմես, դա ես պետք է լինեմ: Ես ստացել եմ այնպիսի անպայմանական պարուրող սեր, որ ես կախվածություն տղամարդ սեռի էակից չունենամ: Ես հիմա այդ նույնը ասում եմ իմ աղջկան. Սոֆի՛, չկա այնպիսի բան, որ քեզ հետ կպատահի, ու ես չեմ հասկանա, ու չկա մի իրավիճակ, որ ես չեմ օգնի, քանի որ ամենահարազատ մարդը քո կյանքում ես եմ և հետո քո հայրը: Շատ կուզեի մեր երկրում անպայմանական սիրո թվացյալ ինչ-որ բան տրվեր բոլորին:

Չեմ կարողանում չխոսել

Իմ խոսելը, գրելը, հարյուր հազարավոր դիտումներ ունենալը, աղմուկ բարձրացնելը պայմանավորված  է նրանով, որ ես չեմ կարողանում չխոսել, չեմ կարողանում տեսնել, թե ինչպես են ոտնահարվում կանանց իրավունքները, և լռել: Ես  դեպքեր եմ տեսել կանանց՝ ռեանիմացիայում հայտնվելու, ինձ գրել է 15 տարեկան աղջիկ, որը հղի է և չի կարող այդ մասին ծնողին ասել, ես բոլոր դեպքերում փորձել եմ օգնել, գտնել իրավապաշտպան, հոգեբան:

Այսօրվա «քաոսը», որ ունենք,  տղամարդկանց արած գործն է

Ես կարծում եմ, որ այսօրվա աշխարհը ստեղծել են տղամարդիկ քանի որ ի սկզբանե լծակները, քվոտաները եղել են նրանցը: Այսինքն՝ այսօրվա «քաոսը», որ ունենք, տղամարդկանց արած գործն է՝ պատրիարխատի:

Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ ձեռնտու է տղամարդկանց՝ հատկապես հիմարներին, իսկ նրանք մեծ տոկոս են կազմում:  Խելացի տղամարդիկ հասկանում են, որ շատ ծանր է այդ համակարգում ապրել, քանի որ իրենց վրա անադեկվատ մեծ պատասխանատվություն է դրված, և ես կարծում եմ, որ դա փոխողները պետք է կանայք լինեն: Կանայք մեր երկրում շատ խղճուկ միջավայրում են, խղճուկ գործիքներով, պատկերացումներով, նպատակներով, ամուսնանալ-երեխա ունենալուց այն կողմ բան չեն տեսնում, բայց անհատ մարդկանց լսելով՝ կարող է բան փոխվել, օրինակ՝ իմ 1000 ունկնդրից 500 հոգին էլ կարծիքը փոխի, դա էլ առաջընթաց է: 

Ամեն Նոր տարուց, գարնանային տոներից առաջ, քանի որ այդ շրջանում ամուսնությունները շատ են, բազմաթիվ կուսաթաղանթներ են կարվում: Ես գինեկոլոգների հետ եմ աշխատում և գիտեմ, թե  ինչ գներ արժեն, և որքան շատ են դիմողները, թեև գուցե մեկ-երկու տոկոսով քչացել են: Այս խնդիրը կլուծի միայն գրագիտությունը, իրազեկումը:

Ֆեմինիզմը մեր երկրում ընկալվում է սխալ, ավելի շատ որպես տղամարդատյացություն

Ֆեմինիզմը շարունակում է մեր երկրում ընկալվել սխալ, ավելի շատ որպես տղամարդատյացություն, տղամարդկանց դեմ պայքար է ընկալվում ու էլի չեն հասկանում, որ ամեն ինչ չէ, որ տղամարդկանց շուրջ է պտտվում: Ֆեմինիզմը  կենտրոնացած է կանանց վրա, նրանց հնարավորությունների ընդլայնման, և նորմալ, առողջ հոգեբանությամբ տղամարդիկ ևս պետք է ֆեմինիստ լինեն:  Խտրականության վերացումը սկսվում է  ստիպելով, ստիպել կանանց աշխատել: Ես կուզեի մինչ իմ ծերություն՝  պարզագույն, դասական որոշ ֆեմինիստական սկզբունքներ յուրացնեինք: Ես դա շատ կուզեմ, առավելևս որ աղջիկ ունեմ:

Մենք չենք կարող բացառել սեռական հարաբերությունը 15-16 տարեկանում, մենք այն պետք է կանխարգելենք սեռադաստիարակություն տալով

Մեր երկրում չկա սեռադաստիարակություն, սակայն այդ հարցում դեռահասները մեղավոր չեն:  Ծնողները պետք է հաշվի առնեն, որ 15-16 տարեկանն այն տարիքն է, որ բարձր է սեռական հարաբերության ռիսկը: Մենք չենք կարող կանխարգելել և բացառել սեռական հարաբերությունը այդ տարիքում, մենք պետք է կանխարգելենք սեռադաստիարակություն տալով, ինչը մեր երկրում հիմնականում չկա:

Հանրության մեծ մասը ագրեսիվ է արձագանքում իմ ասածներին, անվանում՝ ազգապիղծ, իրենց թվում է, որ իրենք ագրեսիվ արձագանքեն՝ այդ աղջիկը սեռական հարաբերություն չի ունենա, և եթե մի բլոգեր չխոսի, թե ինչպես 15 տարեկան աղջիկը պետք է պաշտպանվի հղիությունից, այդ աղջիկը չի իմանա և սեռական հարաբերություն էլ չի ունենա, բայց հաշվի չեն առնում, որ այդ աղջիկը, միևնույն է, դա կանի, բայց չի իմանա  պաշտպանվել: Ընդհանրապես ագրեսիան գալիս է տգիտությունից:

Առաջին անգամ պոռնոֆիլմ նայելու տարիքը իջել է 8-9 տարեկան, ինձ շաբաթ չկա, որ մայրդիկ չգրեն, որ «երեխաս 10 տարեկան է, բայց սմարթֆոնի էկրանին 18+ կոնտենտ եմ նկատել»: Այսօր ամեն ինչ շատ անվերահսկելի է, զսպվածությամբ չես կարող այդ հարցը լուծել: Այսօր քո աղջիկը կանի ամեն  ինչ, և դու չես իմանա այդ մասին, քանի որ նա քեզ չի վստահում և դու նրան գիտելիք չես տվել, ինքը պարզապես վախենում է քեզանից:

Քանի որ ծնողներն իրենք սեռադաստիարակված չեն, պետական համակարգը պետք է դա անի, բայց մենք մոռանում ենք, որ մեր պետական համակարգը նույնպիսի չսեռադաստիարակված մարդկանցից է կազմված, նույն կարծրատիպերով առաջնորդվող մարդկանցից: Ոստիկանությանը այս երկրում ոչ մեկը չի վստահում, քանի որ նույն կարծրատիպերով առաջնորդվող, իրենց կնոջը ծեծող  տղամարդիկ են:

Սարսափելի շատ են  շանտաժները աղջիկների նկատմամբ

Սարսափելի շատ են  շանտաժները: 19 տարեկան աղջիկը, որի մասին ծնողները գիտեին, որ կույս էր, մի տղայի հետ հանդիպել էր և սրճելու ժամանակ խոստովանել էր, որ նախկին ընկերոջ հետ մեկ-երկու անգամ սեռական հարաբերություն է ունեցել, հետո այս տղան  շանտաժ էր արել, որ իր հետ ևս պետք է ունենա սեռական հարաբերություն: Այդ տղայի էջը հրապարակել էի, ՀԿ-ի էի դիմել, և երկու ժամ անց սպառնալիքները վերացան:  

Ինձ էլ ամեն օր սպառնում են, սակայն սպառնացողները հիմնականում վախկոտ են, բացի այդ՝ ես միանգամից նրանց հրապարակում եմ անուն-ազգանունով: Ասում են՝ «կգտնեմ, կգամ տանդ մեջ կվառեմ», «մեքենադ զգույշ նստի», «երեխուդ տեղը կգտնեմ», բայց մարդիկ հասկացել են, որ ինձ պետք չէ սպառնալ, քանի որ դա շուռ է գալու իրենց դեմ:

Ինձ մոտ ստացվում է օգնել, երբ դիմողը, իսկապես, ցանկանում է օգնություն

Ինձ մոտ ստացվում է օգնել մի դեպքում, երբ ով դիմել է օգնության, իսկապես ցանկանում է, որ օգնեմ: Լինում է, որ կինը դիմում է և ասում է, որ ամուսինը հարվածում է, ահասարսուռ բաներ է նկարագրում,  ես նրան ցույց եմ տալիս ճանապարհը, թե ինչ պետք է անի, տալիս եմ անվճար փաստաբանի, հոգեբանի, սեքսոլոգի դիմելու հնարավորություն, սակայն նա չի ուզում ամուսնալուծվել: Ասում է՝ չի լինի, որ ինքը ինձ չսպառնա, չխփի, և մի շարք պահանջներ է ներկայացնում ոչ իրենից, այլ դիմացինից, ում ես չեմ էլ ճանաչում, ասում է այնպես անենք, որ ինքը փոխվի, որ չբաժանվեմ: Ասում եմ ձեր ամուսի՞նն է ինձ դիմել, ես ո՞նց կարող եմ փոխել ձեր ամուսնու վիճակը, դուք ո՞նց կարող եք փոխել, դուք կարող եք փոխել ձեր վիճակը: Հիմնականում չեն բաժանվում, քանի որ ասում են՝ ամոթ է, չեմ աշխատում, մտածում են երեխաները անհայր կմեծանան:

Բայց, երբ իրենք շատ են ուզում, շատ են դեպքերը, որ օգնել եմ, աշխատանք գտնելու, մասնագիտություն սովորելու հարցում ևս ուղղորդել եմ: Եղել է, որ  է 18-19 տարեկան երեխային աթեիստ լինելու համար փայտով ծեծում էին, և նրան տեղափոխել ենք ընկերներիցս մեկի տուն: Ինձ շատ են դիմում քաղաքից, սակայն գյուղերում վիճակն ավելի սարսափելի է:  Մի կին կար, որի ամուսինը արտագնա աշխատանքի էր, և կեսրարը հարբում էր և ծեծում էր իրեն ու 3 տարեկան երեխային, սակայն այդպես էլ այդ կինը չէր հեռանում և մինչ հիմա ապրում է այդ տանը:  Ընտանիքի այն ֆորմատը, կոնցեպտը, որը ծառայում էր 20 տարի առաջ, այսօր շատ հին է, այսօր աշխարհը այլ է, և պետք է կարողանալ պարբերաբար վերանայել մոտեցումները:

 

 

 

Լիանա Առաքելյան 

 

 

 

 

 

4814