Հնարավոր է՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը տրվի վարձով կամ հավատարմագրային կառավարման: Arararatnews.am-ին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Կոմիտեն որոշել է կառավարության որոշմամբ հյուրանոցը կրկին աճուրդի դնել: Աճուրդի չկայանալու, գնի նվազման դեպքում հնարավոր կլինի քննարկել այլ տարբերակներ՝ հյուրանոցը կամ վարձակալության տալ, կամ էլ հավատարմագրային կառավարման, քանի որ նման առաջարկներ մասնավոր սեկտորից ստացել են:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահից տեղեկացանք, որ հյուրանոցով հետաքրքրվողները Հայաստանից դուրս են ապրում, այլազգիներ են: «Հետաքրքրվողները եղել են Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Ռուսաստանից: Սակայն քանի դեռ վերջնական հայտ չկա, ես այդ հետաքրքրությունները միայն հետաքրքրություն եմ համարում»,- ավարտեց իր խոսքը Նարեկ Բաբայանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:
Հիշեցնենք՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը երկու անգամ տեղի չի ունեցել: Հյուրանոցը Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանինն էր: 2018 թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման փաստով։ Ըստ մեղադրանքի` Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել արտասահմանյան ներդրում։ Մեղադրանքից հետո Արմեն Ավետիսյանը հյուրանոցը նվիրեց պետությանը:
Սոնա Դավթյան