ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) մասնակցության շրջանակում ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսի և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելայի հետ:

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից:

2018 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը, որի նպատակն է պաշտպանել հիմնադրամի ակտիվները Հայաստանում և ապահովել համագործակցության արդյունավետ իրականացումը: Համաձայն ԿՓՇԿ համապատասպան որոշման, համաձայնագրի կիրարկումն առաջարկվում է հիմնադրամից աջակցություն ստացող բոլոր զարգացող երկրների համար։

2021 թ. հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը։

Հայաստանը գործնակա ն համագործակցությունը հիմնադրամի հետ սկսել է 2017 թվականից, երբ հաստատվեց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ծրագիրը։

Վերջինս հիմնադրամի ֆինանսավորած՝ աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջին ծրագիրն է:

Հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները դրական են գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրականացվող ծրագրերի որոշ մանրամասներ:

Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու ընթացիկ իրավիճակին և քննարկելու համագործակցության ավելի լայն հնարավորություններ:

568