Հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

 

«Ընդհանուր առմամբ սա է մեր դիրքորոշումը, և սա ասում եմ` անկախ Խաղաղության պայմանագրի համատեքստից: Ընդհանրապես, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքրոշումը սա է. տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, և այդ համաձայնությունը ֆիքսվել է 2022 թվականին Պրահայում, այնուհետև՝ Սոչիում, այնուհետև՝ Բրյուսելում, այնուհետև՝ վերջերս տեղի ունեցած՝ փոխվարչապետների ղեկավարության ներքո համապատասխան սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրված համաձայնության կոնտեքստում, և եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել»,- ասաց Ռուբինյանը: 

Ռուբինյանը նշեց, որ 2 տարի և ավելի իշխանությունը ամեն բան անում է, որ հնարավոր դառնա խաղաղության պայմանագրի ստորագրումը, և  շարունակելու են այդ ուղղությամբ աշխատել:

 

«Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ: Եթե հնարավորություն լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք: Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա Ռուբինյանն ասաց հետևյալը. «ՀՀ Սահմանադրությունը, դրա փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ»:

 

286