Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ա

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։ Այս մասին Էլնուր Սոլթանովը նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում։

Նա հայտարարել է, թե «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին», և շեշտել՝ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։

Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։

Հայկական ատոմակայանը, սակայն, արդեն երեկ կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։

«Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - վստահեցրել է Տարածքային կառավարման նախարարությունը։

Հայաստանի ատոմակայանն արտադրում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Արդիականացման ու վերազինման հերթական փուլից հետո այն կարող է գործել մինչև 2036 թվական։

 

819