
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ, կարևորել ստորաբաժանման դերը զինված ուժերում կարգապահության, օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում:
Ռազմական ոստիկանության կազմավորման տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։
Միջոցառման ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։