Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու գործընկերային ամուր հիմքերի վրա:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործընթացում իր ուրույն ու ծանրակշիռ դերակատարումն ունի խորհրդարանական դիվանագիտությունը:
Բոլատ Իմանբաևն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար:
Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել դեսպանի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի և երկկողմ կապերի սերտացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի ու արդյունավետ գործունեության համար: