Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վարդան Ղուկասյանն արդարացվեց»․ մոլորեցնող գլխագիր՝ մամուլում

 Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մոլորեցնող վերնագրով լուր են տարածել՝ նշելով, թե Գյումրիի նախկին քաղաքապետ «Վարդան Ղուկասյանն արդարացվել է»։

 Մինչդեռ արդարացումը չի վերաբերում նրա դեմ քննվող հիմնական՝ կոռուպցիոն գործին։

 Խոսքը մեկ այլ՝ խուլիգանության մեղադրանքով գործի մասին է, որով քրեական հետապնդում էր իրականացվում նաև նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ․ գործը կապված էր Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո տեղի ունեցած միջադեպի հետ, որից հետո վերջիններիս մեղադրանք էր ներկայացվել մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու համար։

 Փաստացի, Ղուկասյանը չի արդարացվել այն գործով, որի համար կալանավորված է։

 Հիշեցնենք, որ ըստ այդ մեղադրանքի՝ նա Գյումրու գլխավոր ճարտարապետի հետ քաղաքացուց պահանջել է 4 մլն դրամ կաշառք՝ ինքնակամ շինության հետ կապված հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողությունների դիմաց։ Նրան մեղսագրվում է նաև պաշտոնական կեղծիք։

 Հետևաբար, «Վարդան Ղուկասյանն արդարացվեց» վերնագիրն առանց նշելու, թե որ գործով է արդարացվել, բաց է թողնում էական համատեքստը և կարող է տպավորություն ստեղծել, թե նա արդարացվել է նաև կոռուպցիոն մեղադրանքներից, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Լուսանկարը ստեղծելիս կիրառվել է արհեստական բանականություն։

336